Արաբական մի շարք երկրներում Գազայի պաղեստինցիներին աջակցություն հայտնելու համար ցույցեր են ակնկալվում։ Հազարավոր իրաքցիներ արդեն սկսել են հավաքվել Բաղդադում։ Այս մասին տեղեկանում է BBC-ից։
ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի ղեկավարները մարդկանց կոչ են արել ուրբաթօրյա աղոթքից հետո ակցիաներ իրականացնել փողոցներում և հրապարակներում՝ «ամբողջ արաբական և իսլամական աշխարհում»։
Բացի Իրաքից, ցույցեր են տեղի ունենում նաև մերձավորարևելյան այլ երկրներում, մասնավորապես՝ Լիբանանում, Թունիսում և Հորդանանում։ Ակցիա է սպասվում նաև Արևելյան Երուսաղեմում գտնվող ալ-Աքսա մզկիթի մոտ։
Ֆրանսիայի մի քանի քաղաքներում ևս պաղեստինցիներին աջակցող ցույցեր են կազմակերպվել՝ չնայած այն բանին, որ երկրի կառավարությունը արգելել էր նման ցույցերի անցկացումը։ Փարիզի կենտրոնում կազմակերպված ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել։ Կան նաև ձերբակալվածներ։
Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահը դիմել էր մարդկանց՝ կոչ անելով զերծ մնալ նման ակցիաներից՝ ներքին պառակտում թույլ չտալու համար։
Ի դեպ, Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում Ֆրանսիայի 13 քաղաքացի է զոհվել, 17 մարդ անհետ կորած է և, ամենայն հավանականությամբ, պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։
Գերմանիան ևս արգելել է պաղեստինցիներին աջակցող ցույցերը՝ դա պատճառաբանելով հակասեմական հայտարարությունների և բռնությունների վտանգով։










































