Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման հումանիտար դադար չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված բոլոր պատանդները ազատ չարձակվեն։ Ինչպես « տեղեկանում է Reuters-ից, Իսրայելի հայտարարությունից առաջ Կարմիր խաչը կոչ էր արել թույլ տալ վառելիքի մուտքը Գազայի հատված, որպեսզի գերծանրաբեռնված հիվանդանոցները «չվերածվեն դիահերձարանների»։
Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը, ինչի հետևանքով նաև անհնար է դառնում գեներատորներով էլեկտրաէներգիա ստանալը։
«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրական հոսանքից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների», – հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին՝ շեշտելով, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։
Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, որ պաշարումը չի դադարեցվի, չեն վերականգնվի Գազայի էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, և «վառելիքի ոչ մի մեքենա չի մտնի այնտեղ, մինչև Իսրայելի պատանդները տուն չվերադառնան»։










































