Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիակական հասարակության համաժողովների հայաստանյան մասնակիցների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակիցները ներկայացրին Արևելյան գործընկերության առաջընթացի վերաբերյալ Քաղաքացիական հասարակության դիտարկումները:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպումների նպատակը Հայաստանի ազգային պլատֆորմի, քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներն ակտիվ պահելն ու քաղաքացիական հասարակության և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի միջև մշտական կապ պահպանելն է:
Նրա խոսքով` արդեն տեղի է ունեցել 8-10 հանդիպում, որոնք հնարավորութւյուն են տալիս մեր հասարակական կազմակերպությունների անդամներին միմյանց լավ ճանաչել, ինչը շատ կարևոր է 2011 թ. Պոզնանում կայանալիք քաղաքացիական հասարակության ֆորումի նախաշեմին:
Արևելյան գործընկերության քաղ. հասարակության համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանը, բացելով համաժողովը, ներկայացրեց ֆորումի մասնակիցների ընտրության կարգը, խոսեց Պոզնանի համաժողովից առաջ անելիքներից, ներկայացրեց Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի շուրջ կատարած աշխատանքները ու դրա ապագային վերաբերող հարցերը:
Նիստը վարող՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ իր ելույթում կարևորեց Հայաստանի քաղաքացիական հասարակության հայեցակարգի մշակման շուրջ քննարկումները: «Քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել, եթե այն աջակցություն է ստանում նաև եվրոպական կառույցներից»,- ընդգծեց նա:
Հանդես գալով համաժողովում` Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված դիտարկումները, ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում շատ քիչ փոփոխություններ են արձանագրվել, դրանք էլ եղել են հիմնականում օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես՝ հունիսին ընդունվել է օրենք «Հանրային ծառայության մասին», որն ուժի մեջ կմտնի 2012 թ. հունվարի 1-ից, և դրանում կան դրույթներ, որոնք «կարող են բերել լուրջ փոփոխությունների», սակայն երկրորդ քայլը կլինի օրենքի կիրարկումը:







































