Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ հարցազրույց է տվել եգիպտական «Աշ-Շուրուկ» թերթին, որում անդրադարձել է թուրք-իսրայելական ճգնաժամին.
«Թուրքիան չի ձգտում ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ։ Մենք ընդամենը ասել ենք այն, որ մեր ռազմանավերը միջազգային ջրերում հարձակումներից պաշտպանելու են մեր նավերին։ Դա մեր օրինական իրավունքն է, և ոչ ոք չի կարող հերքել։ Այս հայտարարությունը զայրացրել է Իսրայելին, քանի որ նա ցանկանում է պահպանել Մերձավոր Արևելքի միջազգային ջրերի վրա ունեցած վերահսկողությունը։
Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումն օրինական ճանաչած ՄԱԿ-ի զեկույցն անտեղի էր։ Այդ զեկույցը ոչինչ չարժե, այն հրապարակվել է ոչ օբյեկտիվ աղբյուրների կողմից։ Իսրայելը սովոր է ջրից չոր դուրս գալ և իրեն օրենքից վեր է դասում։ Իսրայելը դարձել է «փչացած տղա», և նրան արդեն չի գոհացնում պաղեստինցիների դեմ պետական ահաբեկչության կիրառումը։
Իսրայելը հրաժարվեց լսել Արևմուտքի բանական ձայնը, որը նրան կոչ էր անում ներողություն խնդրել Թուրքիայից։ Ինչ վերաբերում է Իսրայելի դեմ մեր գործողություններին, ես չեմ ցանկանում ձիակառքը դնել ձիու առջևից, քանի որ ցանկացած այդպիսի պլան կախված է Իսրայելի արձագանքից և Թուրքիայի պատիվը բարձր պահող արդար որոշման մասին պատրաստակամությունից։
Ես միայն կարող եմ այն ասել, որ մենք լի ենք վճռականությամբ կատարելու հետևյալ 4 քայլերը. պաշտպանել թուրք ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, Իսրայելին ետ պահել միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի անտեսումից, միջազգային տրիբունալների շրջանակներում իրագործել թուրքական պահանջները և դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը»։