Սեպտեմբերի 7-ին`առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Ասկերանի մարտական հենակետերից մեկում վեճի արդյունքում մահացած 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանի մահվան կապակցությամբ նոր փաստեր են ի հայտ գալիս: Սկզբում ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր`ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից. ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը: Ավելի ուշ, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը փաստել էր, որ զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է զինակիցների միջև ծագած վեճի հետևանքով, նրա ուղղությամբ կանխամտածված մի քանի կրակոցից և ավելացրել, որ կվերանայվի հոդվածը, որի հատկանիշներով քրեական գործ կվերաորակվի Լենդրուշ Նազլուխանյանին դիտավորյալ սպանության կապակցությամբ:
Հայկ Մկրտչյանի ընտանիքին լուրը հասցրել է գյուղապետը: Սկզբում լուր է տարածվել, թե ադրբեջանցու հրազենային կրակոցից Հայկ Մկրտչյանը վիրավոր է, հետո թե մահացել է, ավելի ուշ իմացել են, որ Հայկը Լենդրուշ Նազլուխանյանի անզգուշության պատճառով է զոհվել, իսկ հետո թե դիտավորություն է, վեճի արդյունք: Մոր`Երանուհի Մկրտչյանի պատմած վարկածով` Լենդրուշ Նազլուխանյանը որդուց` Հայկից ջուր է պահանջել, Հայկը չի տվել, արդյունքում տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո Լենդրուշ Նազլուխանյանը, ով ընդամենը երկու օր առաջ է իջած եղել դիրքերից, նորից բարձրացել է դիրքեր`տեղում հաշվեհարդար տեսնելու համար: Սեպտեմբերի յոթին առավոտյան ժամը 6-ին տաս պակաս Լենդրուշ Նազլուխանյանը 14 կրակոցներ է արձակել, որից 3-4 փամփուշտ կպել Հայկի ոտքին, մեջքին, սրտից ութ սմ ներքև: Դիրքեր բարձրանալուց առաջ Հայկ Մկրտչյանը խոսել է մոր հետ, անտրամադիր է եղել և խնդրել է մորն իր համար աղոթել.«Ես այնպիսի երեխա եմ դաստիարակել, որ երբեք իմ երեխայի համար գլուխս կախ ման չեմ եկել: Հունվար ամսին շնորհակալագիր է եկել որպես լավ զինվոր, մի շնոհրակալագիրն էլ դեռ ճանապարհին է»:
Հիմա Երանուհի Մկրտչյանը հավատացած է, որ երկրում չկան բանակ, պետություն, ղեկավարություն, մեծ հաշվով ոչինչ չկա. «Եթե անձնակազմ լիներ, եթե բանակ լիներ…ի՞նչ իրավունք ունի զինվորը առանց սպայի բարձրանա պոստ, կամ եթե երկու զինվորի մեջ վիճաբանություն է եղել, չէին կարո՞ղ կանխել, չթողնել շարունակել, չբարձրանային միասին պոստեր, որ ճրագս չհագցնեին, ո՛չ բանակ կա, ո՛չ պետություն, ես բունտ եմ բարձրացնելու, որ բանակ չգնան, որ Մկրտչյանների ցեղից ոչ մեկը չգնա: Չկա նախարար, մարզպետարան, երկիրը տեր չունի, Սերժ չկա, եթե Սերժը չի կանխում, չի բացահայտում գոնե մեկ սպանություն, ուրեմն չկա»,-բողոքում է որդեկորույս մայրը` ավելացնելով, որ թող գումար պահանջեին, ոտքը ջարդեին, բայց այդպես չվարվեին: «Զինկոմիսարիատը անգամ չի եկել ասել, որ քո երեխան մի օրվա մահացած է, պանիխդային ինչի՞ էին եկել, ես ցանկություն չունեի իրենց տեսնելու, ես իմ երիտասարդ սալդատին էի ուզում տեսնել կենդանի»:
Երանուհի Մկրտչյանը սպայական կազմից էլ պահանջներ ունի, վստահ է, որ եթե մի ղեկավար մարդ լիներ տեղում, տղան կփրկվեր, բայց, Երանուհի Մկրտչյանի խոսքերով, մինչև Ասկերանի զորամասից հասել են պոստ, երեխեն մահացած է եղել.«Եթե իմ երեխու դատին ընթացք չտան, մինչև վերջ բողոքելու եմ, ցանկացածին խնդրում եմ բանակ չուղարկել որդի, որովհետև բանակ չկա…Երեք ամսվա զինծառայողին ի՞նչ իրավունքով ես հանել պոստ»,-ասում է տիկին Երանուհին` փաստելով, որ մարտ ամսից տղային, երբ ընդամենը երեք ամսվա զինծառայող էր, դիրքեր էին ուղարկում:
Մայրը կոչ է անում բոլոր մայրերին չուղարկել որդիներին բանակ, քանի որ սա մարդասպան բանակ է, և ասում է, որ տղայի յոթից հետո, այսինքն` երկու օրից ինքն անձամբ է զբաղվելու այս գործով մինչև դատարան.«Ես ոչինչ չեմ ուզում, ես մինչև վերջ արդարություն եմ պահանջելու»:










































