Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանը մեկնաբանել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հակաթուրքական պլանի քրդական հատվածը, որում նշվում է, որ Իսրայելը պատրաստ է համագործակցել PKK հետ՝ Թուրքիայի դեմ պայքարում։
Այս կապակցությամբ Քարայըլանը նկատել է, որ Իսրայելը նախ պետք է ներողություն խնդրի PKK-ից և հետո նոր խոսի նրա հետ համագործակցելու մասին. «PKK-ն սկզբունքային շարժում է, անհնար է նրան այլ պետության դեմ գործածելը։ Եթե Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել PKK հետ, ապա նախևառաջ պետք է նրանից ու քուրդ ժողովրդից ներողություն խնդրի PKK հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալության հարցում դերակատարություն ունենալու համար։ Բացի այդ, PKK-ն կարիք չունի ռազմական կրթության և նմանատիպ բաների»։
Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում ընդհատակ անցած Մուրադ Քարայըլանի առաջին հայտարարությունն է։ Կարծիքներ կային, թե նրան առևանգել էին Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Ինչ վերաբերում է Քարայըլանի այս հայտարարությանը, ապա պետք է հավելել, որ քուրդ ժողովուրդն ամենևին էլ չի մոռացել, որ երկար ժամանակ Թուրքիան Իսրայելից գնված սպառազինության միջոցով հալածել է իրեն։ Դա մասնավորապես վերաբերում է իսրայելական արտադրության Heron անօդաչու հետախուզական ինքնաթիռներին։











































