Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, որ առաջիկա օրերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան: Ըստ այդ տեղեկության, Մակրոնը հետո պետք է մեկներ նաև Բաքու: Դեսպանատունը նշել է, որ առաջիկա օրերին Մակրոնի հայաստանյան այց նախատեսված չէ: Պետք է ենթադրել, որ այցը չի կայանում, քանի որ չի ստացվել համաձայնություն ունենալ Բաքու այցի վերաբերյալ: Դեռևս 2021 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը խոսելով Մակրոնի Հայաստան հնարավոր այցի մասին՝ ինչի վերաբերյալ խոսակցությունները շրջանառվում են հենց այդ ժամանակից, նշել էր, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի, եթե լինի ռեգիոնալ այցի հնարավորություն, այլ կերպ ասած՝ նաև Բաքու այցի հնարավորություն: Ըստ ամենայնի, այդ հնարավորությունը չի ստացվել նաև այս անգամ և փաստորեն արդեն ավելի քան երկու տարի է, որ պարբերաբար խոսվում է նրա Հայաստան այցի մասին, սակայն այն տեղի չի ունենում: Թե ինչու է բարդ Բաքու այցի համաձայնությունը, թերևս ավելորդ է մեկնաբանել:
Ֆրանսիայի դիրքորոշումները Բաքվի համար խնդրահարույց են: Միաժամանակ, Ալիևն իհարկե չի գնում ամբողջական դիմակայության և մասնակցում է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ միջնորդական ձևաչափերին, ինչպես քառակողմ՝ նախորդ տարի Պրահայում, այնպես էլ հնգակողմ՝ ընթացիկ տարում Քիշնևում, բայց այդքանը, ոչ ավելի: Ըստ ամենայնի, Ֆրանսիան էլ գոնե առայժմ բավարարվում է դրանով, նախընտրելով պահպանել այդ ձևաչափերի հնարավորությունը: Այդ իմաստով, հնգակողմ նոր հանդիպում սպասվում է հոկտեմբերին՝ Իսպանիայում, որտեղ կլինի Ֆրանսիայի նախաձեռնած Եվրոպական քաղաքական համայնք ձևաչափի հերթական Վեհաժողովը: Քառակողմ կամ հնգակողմ հանդիպումները տեղի են ունենում այդ Վեհաժողովների շրջանակում:
Միայն Հայաստան այցի դեպքում, Ֆրանսիայի նախագահն ըստ երևույթին Ադրբեջանին կտար հնգակողմ ձևաչափի հանդիպումից հրաժարվելու առիթ, հատկապես, որ Բաքուն կասկածի տակ էր դնում նաև նախորդ՝ Քիշնևի հանդիպումը: Իսկ Ֆրանսիայի համար դա կարևոր ձևաչափ է, քանի որ այդ կերպ Փարիզը փորձում է պահպանել իր դերը ռեգիոնալ լայն գործընթացներում, և այդ իմաաստով, դուր գա մեզ, թե ոչ, Ֆրանսիան ձգտելու է գործնական, առարկայական քաղաքականության տիրույթում պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև նվազագույն բալանս, և դա կխախտի թերևս այն պարագայում, եթե հայտնի խաղից դուրս մնալու ռիսկի առաջ: Ընդ որում, եթե մի կողմ թողնենք իրադրության զգայական կամ հուզական բաղադրիչները, դիտարկելով հարցերը հնարավորինս ռացիոնալ, հաշվարկային կշռադատության տիրույթում՝ այդ թվում Ֆրանսիայի ազդեցության և գործիքակազմի համատեքստում, Հայաստանի համար թերևս առավել կայուն հեռանկար կարող է խոստանալ Ֆրանսիայի դերակատարման այդ «բալանսավորված» ռեժիմը:






































