Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել սեպտեմբերի 6-ին ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման մասին: Դրա ընթացքում, ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։ Ըստ հաղորդագրության, Այվազյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
ՊՆ-ում հանդիպումը տեղի է ունենում նախօրեին սոցցանցերում և մեդիատիրույթում տեղեկատվական ալիքից հետո, որ առաջացրել էր հանրային մեծ աժիոտաժ և նույնիսկ որոշակի խուճապային տրամադրություն, կապված սահմանին ադրբեջանական կուտակումներ պատկերող տեսանյութերի և գրառումների հետ:
Պաշտպանության նախարարությունը չէր արձագանքել դրանց, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ դրանք ուղղվեն գրավոր: Փաստորեն, նախօրեի այդ տեղեկատվական աժիոտաժից հետո ռազմական կցորդները ՊՆ-ում հանդիպում են պաշտպանական քաղաքականության և միջազգային գործակցության բաժնի պետի հետ և նրանց է ներկայացվում օպերատիվ իրավիճակը սահմանին: ՊՆ-ն թերևս դրանով հավաստում է, որ իրավիճակը այսպես ասած սովորական չէ: Բայց, ինչպիսի՞ն է, այդ առնչությամբ հանրությանը այլ մանրամասներ չեն ներկայացվում: Միաժամանակ այն, որ ՊՆ-ն դրանք ռազմական կցորդներին ներկայացնում է ոչ թե նախարարի կամ փոխնախարարի, այլ պաշտպանական քաղաքականության և միջազգային գործակցության բաժնի պետի մակարդակով, թերևս հուշում է, որ լարվածության աստիճանն էլ բարձր չէ: Թեև, այն ըստ էության առաջացրել է Երևանի մտահոգություն և այն օտարերկրյա կցորդների հետ «կիսելու» անհրաժեշտություն, հավանաբար կանխարգելիչ քայլեր ստանալու և հետագա լարում թույլ չտալու համար: Կլինի՞ այդ ջանքը արդյունավետ, թե ոչ, բնականաբար բարդ է գնահատել, բայց որ Հայաստանի համար ներկայումս շատ կարևոր է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա, թերևս կասկածից վեր է:











































