Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Ադրբեջանի գազային պաշարներից.
«Նախորդ տարի «Ումիդ», իսկ այս տարի «Ապշերոն» հանքավայրերի հայտնաբերումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հարուստ է գազային պաշարներով։ Այդ հանքավայրերի պոտենցիալ պաշարները գնահատվում են 350 միլիարդ խորանարդ մետր գազ և 45 միլիոն խորանարդ մետր կոնդենսատ։ Հետևաբար, դրանով Ադրբեջանի ապացուցված գազային պաշարները հասան 2.55 տրիլիոն խորանարդ մետրի։
Եթե ֆրանսիական Total ընկերությունը «Ապշերոն» հանքավայրում երկրորդ հետախուզական հորատումն իրականացնելու համար սպասի հորատող նոր սարքավորման ժամանմանը, ապա այդ հանքավայրի գազարդյունահանման գործընթացը կմեկնարկի 2021-2022 թվականներին։ Սակայն հնարավոր է, որ այդ գործընթացն արագանա 5-6 տարով։
Հիշեցնենք, որ Բաքվից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա և 6550 մետր խորության վրա ընկած «Ապշերոն» հանքավայրը հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ին։ Մինչ այդ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվում էին 5-6 տրիլիոն խորանարդ մետր:











































