Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 11-ին Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծնված նորածինը արհեստական շնչառության շնորհիվ մեկ շաբաթ կենաց պայքար մղելուց հետո մահացավ: Հիշեցնենք, որ բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչև ինքը իր բուրդը կչփխի ու կգա ծնունդն ընդունելու:
Ըստ ծննդկանի հարազատների` երեխայի ծնվելուց հետո բժշկուհին հայտարարել է, թե ինքը գնում է, երբ երեխան մահանա, թող զանգեն, որ գա տեսնի՝ ինչո՞ւ թոք չունի: Վերը նշված մեղադրանքի շուրջ հերթական անգամ զրուցեցինք Մետաքսյա Հովհաննիսյանի հետ, քանի որ առողջապահության նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը ուսումնասիրում էր դեպքի մանրամասները, նախնական եզրակացություն է տվել:
– Առողջապահության նախարարության հանձնաժողովն իր նախնական եզրակացությամբ թերություններ է հայտնաբերել գնդեվազցի Արմինե Թորոսյանի երեխայի ծնունդն ընդունող բուժմիավորման գործունեության մեջ, ինչի արդյունքում երեխան մահացել է:
– Այո, նախարարությունը գտել է, որ կա կազմակերպչական հարցերում թերացում: Դրա համար ես չգիտեմ՝ ինչ պատիժ կհասնի: Ոնց կանեն, ինչ կանեն՝ արդեն չեմ կարող ասել: Բայց բժշկական սխալ, կարող եմ ասել, որ չեն գտել: Դրանում արդեն ես վստահ եմ, որովհետև տեղեկությունը իմն է, ինձ է ասվել:
– Կազմակերպչական թերություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, եթե կարելի է՝ մանրամասնեք:
– Անձամբ պաշտոնական եզրակացությանը դեռ ծանոթ չեմ: Ինձ նախնական փոխանցել են, որ բժշկական սխալ չի եղել: Թերացումները եղել են կազմակերպչական, բայց որ պահերը, ինչը նկատի ունեն՝ այդ գրությունը ինձ դեռ չի եկել, որ կոնկրետ պատասխանեմ: Ես ինքս սպասում եմ պաշտոնական եզրակացությանը:
– Առողջապահության նախարարության կողմից կոնկրետ նկատողություն Ձեզ արվե՞լ է, թե՞ ոչ:
– Դա բուժհաստատություն չի գալիս, գալիս է վարչական կենտրոն՝ մարզպետարան պետք է գա, որի հիման վրա մարզպետը, եթե պատիժ կա, կտա իր պատժի չափը: Ներկա պահին ժամանակավորապես բաժնի վարիչի պարտականությունները ինձանից վերցվել են: Դա գլխավորի որոշումն է, ոչ թե նախարարության: Ինչ վերաբերում է տույժին՝ դա մարզպետը կորոշի, թե ում է հասնում, ինչքան և ինչի համար: Կարող եմ նաև ասել, որ նախարարության ներկայացուցիչները եկել են և 6 ժամ այդ հարցն են քննարկել, ստուգվել է ամբողջ բաժանմունքը, գլխավոր բժշկի կաբինետում 4 ժամ այդ հարցն է քննարկվել: Իրենք իմ կողմից թույլ տրված բժշկական սխալ չեն գտել, միայն ասացին, որ կազմակերպչական թերացումներ կան, բայց թե կոնկրետ ինչ՝ ես տեղյակ չեմ:
– Դուք Ձեր խոսքի ընթացքում նշեցիք, թե մարզպետը կորոշի՝ ում է պատիժ հասնում, ինչի համար: Կարելի է ենթադրել, որ այլ կասկածյալնե՞ր էլ կան:
– Ես չեմ կարող ասել։ Նայած՝ թե ինչ եզրակացություն կտա, և ով կմեղադրվի այդ կազմակերպչական հարցերում: Ես չգիտեմ: Ընդհանրապես, դրանք ադմինիստրատիվ բացթողումներ են: Որպես բաժնի վարիչ՝ ես էլ եմ, չէ՞, համարվում ադմինիստրատիվ ցանցի աշխատող: Եվ դրա հետ նաև՝ ընդհանուր տնօրենի կողմից: Չգիտեմ, դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Իրենք մեզ դեռևս ասել են, որ այստեղ բժշկական սխալ չեն գտել: Այսինքն՝ այդ երեխան չի մահացել բժշկական սխալի հետևանքով:
– Երեխայի մահից հետո նրա ծնողների հետ առնչություն ունեցե՞լ եք:
– Ո՛չ մինչև մահը, ո՛չ մահից հետո ոչ մի առնչություն չի եղել, ո՛չ իրենց կողմից, ո՛չ իմ կողմից:
– Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով Ձեր դեմ հարուցվել է քրեական գործ։ Տեղյա՞կ եք, թե մեղադրանքը հաստատվելու դեպքում ինչ պատիժ է նախատեսված:
– Ես, ճիշտն ասած, չեմ մանրացել, թե հոդվածը ինչ պատիժ է սահմանում, քանի որ ինձ ոչ ոք չի կանչել դատախազություն: Նույնիսկ չգիտեի, որ քրեական գործ է հարուցվել, այդ մասին տեղեկացել եմ լրատվությունից: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել:
Ի դեպ, ասենք, որ Մետաքսյա Հովհաննիսյանը վերը նշված մեղադրանքերը իր հասցեին անհիմն համարեց՝ նկատելով հանդերձ, թե ամոթ էլ է, որ ասի՝ բայց ճիպոտ իր ձեռքը բռնած չկա:







































