Մամուլը շրջանառում է տեղեկություն, որ հոկտեմբերին հնարավոր է մի շարք նախարարների պաշտոնանկություն: Այդօրինակ տեղեկությունները հայկական մեդիայի համար իհարկե «ընթացիկ» երևույթ են, սակայն տվյալ պարագայում անհրաժեշտ է նկատել, որ Հայաստանում քաղաքական աշունը սկսում է բավականին աշխույժ ընթացքով, ընդ որում թե Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացի տեսքով, թե դրանից դուրս՝ տարբեր ուժերի վարքագծով, որոնք չեն մասնակցում այդ ընտրությանը:
Հայաստանում քաղաքական տրամաբանությունը փոխվում է, ու դա անգամ անկախ Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքից: Հետևաբար, քաղաքական ուժերը՝ մեկը դանդաղ, մյուսն արագ, ստանալու են այդ փոփոխության տարաբնույթ ազդակներն ու արձագանքելու են դրան: Իսկ փոփոխությունը, թող ամենևին չհնչի տարօրինակ, սկսել է Արցախի շուրջ իրավիճակի փոփոխությունից, որտեղ առանցքային է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հաստատված ռեժիմի և ստատուս-քվոյի փոփոխության հանգամանքը:
2021 թվականին Հայաստանի ներքաղաքական դաշտը հետպատերազմական վերաձևման և բաժանման ենթարկած արտահերթ ընտրությունը անցել է այն միջավայրում, որտեղ ազդեցություն թելադրողը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր: Երբ փոխվում է ազդեցության «աղբյուրը», սկսում է փոխվել նաև այն իրավիճակը, որ գտնվում էր այդ ազդեցության ներքո: Ազդեցության «հին» աղբյուրը այլևս չկա, բայց չկա նաև նորը և սա նշանակում է, որ Հայաստանի այսպես ասած ներքաղաքական դաշտում սկսում է մեծ փնտրտուք, որն իհարկե դարձյալ՝ ազդված է այն իրավիճակից, որ կա Արցախի շուրջ և անկասկած առնչվում է նաև Հայաստանի անվտանգությանը, բայց այդ հարցում չկա որոշակիացված որևէ նոր իրավիճակ, հետևաբար չկա «ուղենիշ», որին պետք է հետևի քաղաքական դաշտն իր տարբեր դիրքավորումներով:
Միաժամանակ, Հայաստանի քաղաքական դաշտը թե ինստիտուցիոնալ, թե բովանդակային առումով մեղմ ասած հեռու է կայացածության այնպիսի աստիճանից, որ ուղենիշներ ձևավորի հենց ինքը, այդ կերպ ստեղծելով արտաքին իրողությունների հանդեպ առնվազն փոխազդեցության միջավայր: Ըստ այդմ, Հայաստանի ներքաղաքական իրողությունները կշարունակեն լինել արտաքին ազդեցության ենթակայության տակ, Հայաստանի ներքաղաքական տրամաբանությունը կձևավորվի արտաքին գործոնների և ազդակների բերումով, որոնք այսօր զգալիորեն անորոշության ռեժիմում են:








































