Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին Metaratings պարբերականին տված հարցազրույցում խոսել է նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր երկրի գլխավոր թիմի հնարավորությունների մասին։ «Աշխատում եմ բաց չթողնել Հայաստանի հավաքականի խաղերը։ Այո ինձ դուր է գալիս, թե ինչպես է հիմա խաղում մեր թիմը։ Ես սիրում եմ նման ֆուտբոլ, երբ թիմը շատ է լինում գնդակով: Հասկանալի է, որ առանց սխալների չի լինում, բայց այս տղաները որոշակի որակ ունեն։ Հավատում եմ, որ երկու տարվա ընթացքում նրանք կկարողանան բարելավել իրենց թիմային աշխատանքը՝ մեծ մրցաշար դուրս գալու համար։ Այնուամենայնիվ, չեմ հավատում, որ Հայաստանը կկարողանա դուրս գալ Եվրո-2024-ի գլխավոր փուլ։ Կա նոր գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակովը, նորեկները շատ են։ Շատ եմ ցանկանում, որ նրանք մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, ուրախ կլինեմ դրա համար, բայց նրանց ավելի շատ ժամանակ է պետք։ Առայժմ թիմն անկայուն է»,- նշել է Պիզելին։ Ինչ խոսք Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան իր տեսանկյունից հայտնել է միանգամայն պրոֆեսիոնալ կարծիք, բայց․․․։
Այսօր Հայաստանի ազգային թիմը գտնվում է վերելքի փուլում։ Վերջին երկու հանդիպումներում մերոնք նույնքան հաղթանակ են տարել և ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականում են։ Մեր ազգային թիմի շուրջ ձևավորվել է աննախադեպ մթնոլորտ։ Սեպտեմբերի 11-ին Երևանում կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մի քանի ժամում։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանը մրցակցի հատկի տակ մեկ այլ խիստ կարևոր մրցավեճ է անցկացնելու արյդոք Թուրիքիայի հետ։ Թե ազգային թիմի ֆուտբոլիստները և թե երկրպագուները հավատում և երազում են, որ Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Արդյո՞ք ճիշտ էր կարևորագույն հանդիպումներից առաջ, ազգային թիմի վերելքի փուլում Պիզելիի կողմից նման հայտարարություն անելը։ Նա մեծ ավանդ ունի Հայաստանի հավաքականում և իսկապես մեծ պրոֆեսիոնալ է։ Այստեղ սակայն հարց է ծագում, արյդո՞ք Մարկոսը նման հայտարարություն կաներ եթե ներկայում խաղար ազգային թիմում։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Եթե ֆուտբոլիստը չի հավատում հաղթանակին, նրա խաղադաշտ դուրս գալն ուղղակի անիմաստ է։ Եթե ֆուտբոլիստը չի հավատում հաղթանակին, ապա նա ուղղակի մարզիկ չէ։ Պիզելին ըստ էության այսօր էլ ֆուտբոլիստ է, որի խաղընկերները օրեր անց ծանր հանդիպումներ են անցկացնելու։ Նա ազգային թիմի ներկայիս ավագ Վարազդատ Հարոյանի, Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի և այլ ֆուտբոլիստների հետ կրել է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը։ Ինչ ապրումներ կունենան նշված ֆուտբոլիստները իրենց խաղընկերոջ հայտարարությունից հետո։ Պատասխանը թողնում ենք ընթերցողին։ Նույնիսկ եթե Պիզելին չի հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին, ապա կարծում ենք շատ ավելի ճիշտ կլիներ հարգելով իր խաղընկերներին այդ թերահավատության մասին չբարձրաձայնել։
«Եթե ձեզ թվում է, թե ինձ հրավիրել են միայն այն պայմանով, որ ես անպայման պետք է նվաճեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, ապա ասեմ, որ ոչ ոք ինձ նման բան չի ասել: Ես գալուց հետո իմ առաջ խնդիր եմ դրել՝ Հայաստանի հավաքականի հետ ինչ-որ մեծ մրցաշարի ուղեգիր նվաճել: Եթե քո առաջ միանգամից մեծ նպատակներ չդնես, երբեք չես հասնի դրանց: Բոլորին կոչ եմ անում հավատալ թիմին: Ինձ դուր է գալիս ստադիոնում մթնոլորտը, երբ դիտում էի ակումբային թիմերի մասնակցությամբ հանդիպումները, ես նման բան նախկինում երբեք չէի տեսել: Առհասարակ, ֆուտբոլը ժողովրդի համար է, որպեսզի ուրախացնի նրանց: Իսկ հիմա խոսքը ազգային հավաքականի մասին է: Այնպես որ, շնորհակալ եմ երկրպագուներին, որ գալիս և աջակցում են մեզ:
Կարևորը՝ հավատացեք մեզ և երազեք»,- այս հայտարարությունն արել էր Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը այս տարվա հունիսին տեղի ունեցած Լատվիայի դեմ հանդիպումից առաջ: Օրերց անց Հայաստանը հաղթեց և հայտ ներկայացրեց պայքարելու Եվրո-2024-ի ուղեգրի համար։ Ընդունենք, որ Պետրակովի խոսքերից հետո Պիզելիի ազգային թիմի հաջողությանը չհավատալու մասին հայտարարությունը լսելն այնքան էլ հաճելի չէ։







































