Իրականացվել է Երևան-Կապան կանոնավոր առաջին չվերթը, այն անցել է բարեհաջող, և պետք է հուսալ, որ թռիչքները կիրականանան լիակատար անվտանգության պայմաններում: Սակայն, անցնող օրերին տեղի ունեցածը, ավելի կոնկրետ՝ երկու անգամ Կապանի օդանավակայանի թիրախավորումը, որ կատարել էր Ադրբեջանը, առաջացնում է անվտանգության հետ կապված հարցեր: Ադբրբեջանը կշարունակի՞ սպառնալ, թե՞ այդուհանդերձ զերծ կմնա քաղաքացիական ենթակառուցվածքի հանդեպ որևէ ուղղակի, կամ անուղղակի սպառնալիք ստեղծելու արկածախնդրությունից, որպեսզի չհայտնվի միջազգքային քննադատության թիրախում:
Մի բան անկասկած է, որ Ադրբեջանից հնարավոր է սպասել ամեն ինչ, հետևաբար Կապանի օդանավակայանի շահագործման անվտանգության հարցում հայկական կողմը պետք է առաջնորդվի անվտանգության ապահովման հենց այդ չափումով: Մյուս կողմից, Բաքուն իհարկե մեծ հավանականությամբ ձեռնպահ կմնա անմիջականորեն թռիչքների, հետևաբար ուղևորների և անձնակազմերի կյանքի սպառնալիք առաջացնելու քայլերից, և՝ սպառնալիքները շարունակելու դեպքում թերևս կթիրախավորի օդանավակայանի տարածքը «ոչ թռիչքային» ժամանակամիջոցում: Այդ կերպ Ադրբեջանը կարող է փորձել պարզապես առաջացնել անվստահության մթնոլորտ, պահել իրավիճակը պարբերական լարվածության մեջ և խոչընդոտել օդանավակայանի բնականոն գործունեությանը հենց այդ առումով: Դա Ադրբեջանի գործելաոճն է լայն քաղաքականության իմաստով էլ՝ օգտագործել ցանկացած առիթ Հայաստանի հետ խնդիր ստեղծելու և այդ խնդրի վրա քաղաքական խաղի դաշտ բացելու համար:
Կհաջողվի՞ անել դա նաև Կապանի օդանավակայանի հարցում: Անկասկած է, որ այդ փորձերին պետք է վերաբերել լուրջ և օդանավակայանի հանդեպ որևէ գործողության կրկնության դեպքում պարզապես արձանագրել, որ Ադրբեջանը իրականացնում է ահաբեկչություն՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվաշքն ու սպառնալով դրա բնականոն գործունեությանը, հետևաբար նաև քաղաքացիների անվտանգությանը, կյանքին: Ընդ որում, նկատելի է, որ Բաքուն Կապանի օդանավակայանի հանդեպ իր «պլանները» փորձելու է «ծածկել» Արցախի ՊԲ-ին ուղղված մեղադրանքներով: Ադրբեջանը հայտարարել է, թե իբր Արցախի ՊԲ ՀՕՊ ուժերը խափանել են Բաքու-Ֆիզուլի թռիչք իրականացնող օդանավի ռադիոկապը, խլացրել են այն: Արցախի ՊԲ հայտարարություն է տարածել և հերքել Ադրբեջանի այդ ապատեղեկատվությունը, որ ոչ այլ ինչ է, քա մտացածին սադրանք, արդեն թերևս երկու թիրախ խոցելու հաշվարկով: Նախ, այդ կերպ Բաքուն թիրախավորում է Արցախի ՊԲ-ն և փորձում ստեղծել տպավորություն, թե իբր այն սպառնում է քաղաքացիական թռիչքներին, մյուս կողմից Ադրբեջանը փորձում է ստեղծել Կապանի օդանավակայանը թիրախավորելու իր գործողությունների «հայելային հիմք»: Ադրբեջանի այդ փորձերը պետք է կասեցվեն, ընդ որում երկու ուղղություններով՝ թե Արցախի ՊԲ հանդեպ զրպարտության, թե Կապանի օդանավակայանի հանդեպ շանտաժի, գնահատելով այդ գործողությունը որպես ահաբեկություն:











































