Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցում է 13 կուսակցություն և մեկ դաշինք, ընդհանուր՝ 14 միավոր ուժ, ինչը հերթական անգամ վկայում է Հայաստանում քաղաքական դաշտ կոչվող տարածությունում գերիշխող իռացիոնալության, կամ գուցե՝ քաղաքական իռացիոնալության մասին: Անկասկած է, որ մասնակից 14 ուժերի առնվազն կեսը, իսկ գործնականում՝ կեսից ավելին, ըստ էության չունի շոշափելի հաջողության հասնելու շատ, թե քիչ գործնական նախադրյալ, հիմք:
Բայց կա մասնակցություն, ինչը գուցե ունի այլ մոտիվների հարցում որոշակի ռացիոնալություն, բայց քաղաքական ռացիոնալություն՝ ոչ: Այդ առումով, ինչպիսի պատկեր էլ արձանագրի Երևանի ավագանու ընտրության գործընթացը, ինչպիսի վիճակագրական փոփոխություն էլ տեղի ունենա, ինչպիսի նոր քարտեզ էլ ուրվագծվի, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի, գործընթացների գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ՝ քաղաքական իռացիոնալություն, որն էլ թե այդ դաշտի, թե ընդհանրապես Հայաստանի քաղաքական անարդյունավետության «հիմքերից» մեկն է:
Երևանի ընտրությունը կփոխի որոշակի դասավորություն և պատկեր, դա կասկածից վեր է, և կասկած չկա, որ այդ փոփոխությունը կդառնա ավելի լայն համապետական քաղաքական տիրույթում փոփոխությունների մասին խոսակցությունների հիմք, նախադրյալ: Սակայն, եթե չեն փոխվում գործընթացների մոտիվացիոն հիմքում ընկած որակները, նախադրյալներըւ, խթանիչները, միևնույն ՝ ինչպիսի փոփոխություն էլ արձանագրվի այսպես ասած պատկերաշարային առումով, դա չի բերելու քաղաքական արդյունքի որակական փոփոխության:
Ահա թե ինչու, Հայաստանում այդ որակական փոփոխության տիրույթը ամենևին ուղիղ կապվածության մեջ չէ որևէ ընտրական պրոցեսի հետ: Իդեալական կլինի իհարկե, եթե այդ ամենը տեղի ունենա զուտ ընտրական պրոցեսով, սակայն մինչ դրան հասնելը, Հայաստանում իրական անելիքը հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի, համբերատար, և ռազմավարրական պլանավորում ունեցող աշխատանքի տիրույթում է: Ընտրական պրոցեսներում կարող է արտահակտվել այդ տիրույթում աշխատանքի արդյունքը: Իսկ այդ տիրույթում շոշափելի արդյունավետությամբ աշխատանք, Հայաստանում դեռևս գոյություն չունի, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված:








































