ՄԱԿ ԱԽ նիստում, որի ընթացքն ու բովանդակությունը Հայաստանում շարունակում են լինել աշխույժ քննարկումների նյութ, նկատելի էր մի հանգամանք՝ պատասխանատվությունից ձեռնպահ մնալու հանգամանքը: Եթե դիտարկենք նիստին մասնակից դերակատարների ելույթները ու շեշտադրումները, դրանք խոշոր հաշվով հռչակագրային էին, չէին պարունակում մինչ այժմ հնչածից տարբերվող որևէ բան, և աչքի էին ընկնում հենց որևէ վճռորոշ տարբերություն առաջ քաշելու պատասխանատվության բացակայությամբ: Նիստին մասնակից մշտական, և առավել ևս ոչ մշտական անդամներից որևէ մեկը ըստ էության չստանձնեց սկզբունքային նոր դիրքորոշման կամ շեշտադրման պատասխանատվություն:
Այս հանգամանքը իհարկե կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական մոտիվ: Դրական այն իմաստով, որ «դուռը բաց» է պահվում Արցախի հարցի հետագա քննարկումների և անդրադարձերի համար, իսկ մինչ այդ կողմերի համար բաց է պահվում դիվանագիտական աշխատանքի դուռը՝ ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է աշխատել այն ուղղությամբ, ինչը չի հասցրել կամ որտեղ ունեցել է թերակատարում: Բացասականն այն է, որ պատասխանատվությունից խուսափելու հանգամանքը մի կողմից ապահովվեց նիստի անդորր, թեկուզ պայմանական, հարաբերական իմաստով անդորր, բայց՝ անդորր փոթորկից առաջ: Ասել է թե, որևէ մեկը չգնաց որևէ նոր նշաձողի կամ սկզբունքի շեշտադրման պատասխանատվության, հետևաբար նոր իրավիճակ առնվազն սաղմնավորելու պատասխանատվության, որովհետև կա լարվածության օդում կախված շոշափելի սպասում և ըստ այդմ բոլորը սպասում են փոփոխության այդ միջոցով, հետևաբար ոչ ոք չի ուզում անել քայլ, որը իր վրա կթողնի այդպիսի որևէ զարգացման իրական դառնալու պատասխանատվությունը:
ՄԱԿ ԱԽ նիստում սա էր ըստ էության անհանգստացնողը, և ոչ այն, որ չեղավ որևէ որոշում կամ բանաձև, որը կպարտադրեր Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Բուն խնդիրը, գոնե այս փուլում այն է, որ չնկատվեց Ադրրբեջանին սադրանքի գնալ չթույլատրող ակնառու դիրքորոշում: Իսկ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը իր վերջին շաբաթների և հատկապես օրերի վարքագծով պատրաստվում է հենց նոր սադրանքի, դա ակնառու է: Գուցե կան հաշվարկներ, որ այդ սադրանքը «ծուղակ» դառնա Բաքվի համար և այդ կերպ հնարավոր լինի հասնել Ադրբեջանի մաքսիմալիզմը կոտրելուն: Մինչդեռ, կարող է լինել և հակառակը՝ հաշվարկ, որ Բաքվի առավել ագրեսիվ և ռազմական բնույթի սադրանքների միջոցով «կկոտրվի» արցախահայության դիմադրունակությունը, ոգին, որը չի կկոտրվում է ավելի քան իննամսյա պաշարումով: Իհարկե շատ լավ կլինի, որ «փոթորկից առաջ անդորրի» տպավորությունը լինի սխալ, դա լինի լոկ տպավորություն, որը հհեռու կլինի գետնի վրա սպասվող զարգացումներից: Բայց, թերևս պետք է պատրաստ լինել այդ զարգացումների ամենատարբեր սցենարների, ընդհուպ վատթարին, քանի որ պատրաստ լինելն է հետևանքները եվ ռիսկերը զսպելու կամ կառավարելու գրավականը:










































