Հայկական համացանցը շոկի է մատնել մի սարսափելի տեսանյութ, որտեղ մայրը, կամ ավելի շուտ այդպիսին կոչվող մեկը բռնություն է կիրառում մանկահասակ երեխայի՝ ենթադրաբար սեփական դստեր նկատմամբ, դրան մասնակից դարձնելով նաև երկու այլ անչափահասի, դարձյալ՝ ենթադրաբար իր դուստրերին: Ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է տեսանյութի «հերոս» կնոջը և բերման ենթարկել նրան, կատարվում է քննություն: Քննությունը պետք է պարզի իհարկե բոլոր հանգամանքները և հնարավորինս արագ: Այդ թվում պետք է նաև պարզել ու հասկանալ, թե ինչու՞ է տեսանկարահանվել բռնությունը, ու՞մ համար, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս է այն հայտնվել համացանցում, դարձյալ՝ ի՞նչ նպատակով: Չէ՞ որ բռնարարը պետք է որ առավել շահագրգռված լիներ հանցագործության ոչ մի ապացույց չթողնելու հարցում, հետևաբար ինչու՞ է այն տեսագրվել:
Այդ բոլոր հարցերը կարևոր են հաշվի առնելով այն, թե հիբրիդային պատերազմների ինչպիսի աշխարհում ենք ապրում բոլորս: Գլխավորը իհարկե հանցագործի պատիժն է և անխոս՝ բռնության ենթարկված ու բռնության մասնակից երեխաների հոգեբանական առողջությունը, վերականգնումը, նրանց հետագա սոցիալ-հոգեբանական վիճակը, հանրային համակեցության պատշաճ ապահովումը: Այդ խնդրի պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը, համապատասխան մասնագիտական ծառայությունների ներգրավումով:
Միաժամանակ, հանցավոր դեպքը հերթական անգամ մեզանում վեր է հանում սոցիալական՝ պետական և համայնքային ծառայությունների փաստացի անգործությունը կամ անաշխատունակությունը: Սա իհարկե լայն խնդրի մի բաղադրիչ է, որը կարող է արդյունավետ աշխատել միայն համակարգային տրամաբանության մեջ, ինչը պետք է ներառի կրթական հաստատությունների, իրավապահների, նաև հասարակական կառույցների համալիր աշխատանք, աշխատանք հանրային մտածողության և արժեհամակարգի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սարսափելի այդ օրինակները այն էլ սոցցանցային դարաշրջանում առաջացնում են մի «հակում», երբ այդ դեպքերը որպես նկարագիր վերագրվում են ամբողջ հանրությանը՝ «սա ենք մենք» տրամաբանությամբ:
Դա անթույլատրելի իրողություն է, որովհետև այդ բռնությունները, եթե նույնիսկ տասնյակ են կամ հարյուրավոր, որոնց մեծ մասը գուցե չի էլ հայտնվում որևէ տեսանյութում, դրանք այդուհանդերձ մեր հանրային նկարագիրը չեն: Դրանք իհարկե մեր պետական, համայնքային սոցիալական համակարգերի անաշխատունակության ցուցիչ են, բայց հանրային նկարագիր չեն, Հայաստանի հանրությունը այդպիսին չէ, պարզապես, ինչպես ցանկացած հանրության մեջ՝ անգամ այսօրվա քաղաքակրթական դրոշակակիրների, լինում են այդօրինակ դեպքեր, օրինակներ, ամենատարբեր բնույթի: Այյլ հարց է, որ այդ հանրություններում կա սոցիալական ծառայությունների բավականին կայացած համակարգ և գործակցություն իրավապահների հետ, իսկ մեզանում՝ ոչ: Պետք է աշխատել այդ համակարգերի կայացման ուղղությամբ, խորհել անելիքի վերաբերյալ, մշակել քաղաքականություն, բայց առանց խնդրի քաղաքականացման: Որովհետև, բավական է խնդրի քաղաքականացում, և բուն հարցը անմիջապես կորելու է տարատեսակ նենգափոխումների ու շահարկումների բովում, մարդկային և հանրային ճակատագիրը դարրձնելով պարզապես գործիք կամ խաղալիք:










































