Գյումրին միշտ կարողանում է ամենադժվար պահերին չհուսահատվել և առաջ նայել. Սա շատ կարևոր է. գյումրեցին ունակ է դժվարությունները հաղթահարել, նույնիսկ ժպտալ և, ինչու չէ, նաև ծաղրել այդ դժվարությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրմատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: «Ես կարծում եմ՝ այստեղ ամենամեծ «մեղավորը» հենց քաղաքն է: Այս քաղաքն ունի մթնոլորտ, ունի շունչ: Ես կարծում եմ, առհասարակ, Հայաստանն ունի շունչ կոփվելու, ամուր մնալու, բայց Գյումրին մասնավորապես: Դժվարություններն ավելի են կոփում»,-ասաց նա:
Հարցին, թե որքանով է մշակույթը կարողանում վեր հանել խնդիրներ, ընդհանրապես, մշակույթը պե՞տք է արտացոլի մեր այսօրվա իրականությունը, և եթե այո, որքանով է արտացոլում, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանեց. «Մշակույթը միշտ պետք է հոսի, միշտ պետք է արթուն մնա: Միշտ հարցնում են՝ արդյոք մշակույթի գործիչները, արվեստի մարդիկ չեն խոսում, իրենց չեն ուզում խնդիրները: Իհարկե, հուզում են, բայց ամեն մեկն իր խոսելու ձևն ունի: Ես կխոսեմ մեր թատրոնի մասին. մենք մեր դիրքորոշումը, մեր ասելիքը, մեր մտահոգությունները մենք ասում ենք մեր ներկայացումներով, և վերջին շրջանում, ինչքան էլ փորձենք դրականի մասին խոսել, նաև խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք արդիական են»:










































