Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին, որը խլել է 11 մարդու կյանք, մի քանիսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Միմյանց են բախվել ԶԻԼ բեռնատարն ու Վոլցվագեն մակնիշի միկրոավտոբուսը, որը երթևեկել է դեպի Երևան: Ըստ տեղեկության, միկրոավտոբուսում ուղևորներ էին, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր կատարած ուղևորությունից: Հայաստանում ընթացող «ճանապարհային պատերազմի» 11 նոր զոհ: Ողբերգությունը ցնցել է Հայաստանը, և առավելապես այն բանի շնորհիվ, որ մեծ է պատահարի հետևանքով զոհերի թիվը:
Մինչդեռ, Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցող վթարները մարդկային կյանքեր են խլում գրեթե ամեն օր, միայն թե դրանք հանրային մեծ ուշադրության արժանանում են հազվադեպ, միայն մասշտաբային լինելու դեպքում: Դա գուցե հասարակական բնականոն ռեակցիա է, սակայն աղետի մասշտաբները և վիճակագրությունը վաղուց գտնվում են այնպիսի մակարդակի վրա, որ հանրությունից պահանջում է առավել մեծ ուշադրություն, որն էլ պեռք է պահանջ ձևավորի այն կառույցների նկատմամբ, որոնք կոչված են ապահովել երթևեկության անվտանգությունը, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը Հայաստանի ճանապարհներին, և իհարկե ոչ միայն Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, այլ այդ ճանապարհով երթևեկող զբոսաշրջիկների:
Հայաստանի ճաապարհներին տարբեր պատահարների հետևանքով տարեկան զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ: Այդ վիճակագրությունը արդեն գրեթե տասնամյակ գտնվում է ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակում, բայց դրա հանդեպ չկա պատշաճ պետական ուշադրություն, չկա ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված պետական համակարգային քաղաքականություն: Իրավիճակը՝ սկսած ճանապարհների կահավորումից, մինչև երթևեկության գործնական և արդյունավետ վերահսկողություն , մինչև երթևեկության մշակույթի ձևավորում, գտնվում է բարձիթողի վիճակում:
Հայաստանում ճանապարհային երթևեկության կարգավորման գործում «բարձր մակարդակի» վրա է միայն քաղաքացիներին տուգանելու գործընթացը, ու քաղաքացին գործնականում շարունակում է լինել «տուգանքի մատերիալ», ինչի մասին վկայում են առ այսօր ստացվող ամենատարբեր, ընդհուպ անհեթեթության աստիճանի վարչական ակտերը, որոնք բացարձակապես չեն փոխում երթևեկության մշակույթը կամ անմշակույթ երթևեկությունը, չեն բարձրացնում անվտանգությունը: Որովհետև, երթևեկության անվտանգության հարցում անհրաժեշտ է գործողությունների համակարգային կիրառում, ընդ որում, խորը մասնագիտական ներգրավումով: Արդյո՞ք կատարվում է վթարների համապարփակ վերլուծություն, կատարվու՞մ են եզրահանգումներ, թե որոնք են հիմնական պատճառները, ինչ քայլեր են անհրաժեշտ՝ դրանք վերացնելու, կամ կանխարգելիչ արդյունք ստանալու համար: Ներկայիս պատկերը ցավալիորեն հուշում է, որ եզրակացություններ կամ չեն արվում, կամ դրանք բացարձակապես համարժեք չեն խնդրի ծավալին ու խորությանը: Իրավիճակը պահանջում է հրատապ, բայց միևնույն ժամանակ նվազ ցուցադրական և առավել մեծ գործնական, առարկայական տրամաբանություն պահանջող քայլեր:











































