Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային թիմը հուլիսին Facebook-ում խումբ է բացել ու հակակոռուպցիոն կարգախոսի մրցույթ հայտարարել: Խումբը ստացել է 18 տարբերակ, որից 8-ը դրվել է հանրային քվեարկության, որին մասնակցել է մոտ 1500 մարդ:
Արդյունքում ընտրվել է «Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ» կարգախոսը: Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ այս կարգախոսով տպվել են նշումների գրքույկներ, պատրաստվել են բաժակներ և գրիչներ, կարվել են շապիկներ, որոնք կբաժանվեն քաղաքացիներին:
ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ասլանյանի կարծիքով՝ կոռուպցիան Հայաստանում շատերի համար դարձել է սովորական երևույթ:
Ծրագրի ղեկավար Հայկ Աբրահամյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն ուսանողներին իրենց իրավունքների մասին հիշեցնելն ու կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելն է:







































