«Ցանկացած ահաբեկչություն, պատերազմներ ամենասարսափելի բանն են, որ կարող են պատահել յուրաքանչյուրի հետ: Մարդ պետք է սիրի դիմացինին, առաջնորդվի Աստվածաշնչով: Ահաբեկչությունը վախկոտություն է: Ասելիք ունես, ասա դեմ-դիմաց կանգնած, անելիք ունես` արա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով 2001թ. տեղի ունեցած նյույորքյան ահաբեկչությանը, ասաց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Նրա խոսքով` ահաբեկչությունն առաջին հերթին վնասում ու բացասաբար է ազդում ահաբեկիչների ընտանիքների վրա, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ սպանիր՝ սպանված չլինելու համար»:
«Եթե առաջնորդվենք այս չափանիշներով, ուրեմն նրանք ինքնին արդեն ոչ խելամիտ մարդիկ են: Մարդ պետք է հասկանա` ի՞նչ է անում: Ժողովուրդն ի՞նչ կապ ունի պատմության այս կամ այն դրվագի հետ»,- նշեց կոմպոզիտորը`ընդգծելով, որ նպատակին հասնելու բոլոր միջոցները չէ, որ արդարացի են, քանի որ կապված են մարդկային կյանքի հետ:
«Մարդկային կյանքն ամենաթանկ բանն է աշխարհում: Մարդն իրավունք չունի խլել դիմացինի կյանքը: Ցավում եմ, որ շատերն այլ կերպ են մտածում»,- հավելեց նա` ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարն «անիմաստ, փող լվանալու բան է»:
Ըստ նրա` եթե մի միլիարդ սոված մարդ կա, կլինի նաև ահաբեկչություն, քանի որ միայն սոված մարդը կարող է դիմել նման քայլի, ու այն գումարները, որ ուղղվում են ահաբեկչության դեմ պայքարին, ցանկալի կլինի ուղղել մարդկանց կարիքների բավարարմանը:








































