Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անցած գիշեր Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման ժամանակ ինքն անձամբ է ղեկավարել Եգիպտոսում Իսրայելի դեսպանի և դեսպանատան ողջ անձնակազմի տարհանման հատուկ գործողությունը:
Դեսպանին և մյուս դիվանագետներին Իսրայել վերադարձնելու նպատակով ստեղծվել էր օպերատիվ խումբ, որի մեջ ընդգրկվել էր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը և անվտանգության ծառայությունների ղեկավարները:
Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և իր շնորհակալությունը հայտնել նրան` ասելով. «Այսօր ես վերապրեցի իմ կյանքի ամենածանր պահը, և հենց այդ պահին ԱՄՆ նախագահն օգնության ձեռք մեկնեց ինձ»:
Ինչպես հայտնում է mignews.com-ը, Նեթանյահուն իր շնորհակալությունն է հայտնել նաև եգիպտական հատուկջոկատայիններին, ովքեր պարզապես փրկեցին 6 իսրայելցիների կյանքը` կանխելով «սարսափելի աղետը»:








































