Մենք պաշտպանում ենք որակյալ լրագրությունը, պաշտպանում ենք լրագրողներին, բայց ոչ վայրի ժուռնալիզմով զբաղվող անձանց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ, այդ թվում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշում էին, որ լրագրողների և երկրի առաջին դեմքի միջև երկխոսությունը ինչ մակարդակի և ինչպիսին պետք է լինի՝ հաշվի առնելով այն կարևորագույն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երկիրը: Դրանից հետո պատասխան հայտարարություն են տարածել 100-ից ավելի լրագրողներ, որոնք նշել են, որ այ ՀԿ-ները չեն ներկայացնում իրենց և նրանց շահերը չեք պաշտպանում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեզ մենակ հենց այս առճակատումն էր, կարծես, պակասում այս խառը իրավիճակում: Անկեղծ ասած, այս իրավիճակը նոր չէ: Քանի որ մեզանում լրատվամիջոցները խիստ բևեռացված են, այդ ճամբարների բաժանումը և այսպես ջրբաժաններ անցկացնելը նրանց կողմից նկատվում էր: Լրագրողների ճնշող մեծամասնությունը, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, նրանք, որպես կանոն, լրագրողական կազմակերպությունների գործունեությունը չէին էլ ընդունում նախկինում: Բայց մյուս կողմից, իհարկե, կան այնտեղ բազմաթիվ մարդիկ, որոնք օգտվել են կոնկրետ հենց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծառայություններից, այդ թվում դատական ատյաններում, այդ թվում տարբեր ֆիզիկական բռնությունների ժամանակ պաշտպանելու առումով: Նրանք դա չպետք է մոռանան: Կան նաև լրագրողներ, որոնք չեն պատկերացնում, որ գոյություն ունի օբյեկտիվ մոտեցում, որ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես է ոտնահարվում լրագրողական մանսագիտական էթիկան»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք մշտապես ասել են, որ պաշտպանում են որակյալ լրագրությունը:










































