Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընաց կա։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նախ նշեց, որ որքան էլ այսօրվա իրադրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի։
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության իրացումը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ` Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։







































