Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության մասին առատ ուղերձների և խոսակցությունների ոչ աշխատանքային օր է, ցավոք սրտի, որովհետև ֆորմալ իմաստով այն իհարկե Հայաստանի Սահմանադրության ընդունման օրն է, այլ կերպ ասած՝ հայկական պետականության շրջանակում հասարակական հարաբերությունների ողնաշարի ձևավորման օրը: Սակայն, այդ ողնաշարը դե ֆակտո այդպես էլ չի ձևավորվում, Հայաստանի հասարակական-քաղաքական, պետական հարաբերությունների հիմքում այդպես էլ առկա չէ սահմանադրական ուժի գիտակցումը, և տպավորություն է, որ ինչքան շատ է խոսվում այդ ուժի մասին, այդքան ավելի հեռու է դրա գիտակցումն ու այն ողնաշարի ձևավորումը, որը պետք է հայկական պետականությանն օժտեր ամուր արժեհամակարգային, իրավագիտակցական և ինստիտուցիոնալ հիմքերի վրա եղած կայունության երաշխիքներով:
Մեծ հաշվով, Սահմանադրության ուժի հանրային գիտակցման խնդիրը լուծելու հարցում Հայաստանում շահագրգռված չի եղել և թերևս առ այսօր խորապես շահագրգռված չէ որևէ առաջատար քաղաքական ուժ, որը հավակնում է Հայաստանում քաղաքական շոշափելի դերակատարության՝ կամ իշխանության գալու, կամ գործընթացների վրա էական ազդեցություն ունենալու: Որովհետև, սահմանադրոության ուժի հանրային գիտակցումը էապես բարձրացնելու է ցանկացած քաղաքական ուժի հանդեպ հասարակական պահանջների նշաձողը, գնահատման չափանիշները, չափորոշիչները, ըստ այդմ կաշկանդելու է Հայաստանում «ավանդական» քաղաքականությամբ զբաղվելու հարցում: Որևէ առաջատար կամ հավակնոտ քաղաքական ուժ Հայաստանում չունի առավել վերահսկելի դառնալու ցանկություն: Հայաստանում կա համոզում, որ լեգիտիմ իշխանությունն ինքնին արդեն բավարար պայման է սահմանադրական կարգի համար, բավարար պայման է այսպես ասած համատարած չկեղծվող ընտրությունը, լայն իմաստով՝ ժողովրդավարությունը:
Դա այդպես չէ: Սահմանադրական կարգը կառավարման մոդելը չէ, ընտրության կեղծված-չկեղծվածը չէ, այլ հանրային պայմանավորվածությունների համակարգ, որը խորապես ընդունելի ու լեգիտիմ է այդ հանրության համար թե սոցիալ-հոգեբանական, թե պատմա-քաղաքական, թե ընդհուպ կենցաղային մշակույթի հետագծով ու ներկայով: Իսկ այդ պայմանավորվածությունների հաղորդակները էլիտաներն են՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, հասարակական-քաղաքացիական: Հայաստանում այդ իմաստով քաոս է, ու այդ քաոսն է կարգը, եթե չխոսենք անգամ որպես այդպիսին վերնախավային խմբերի որակական նշաձողերի խնդրահարույց լինելու մասին: Ավելին, կա թերևս մի պարադոքս, որ հանրությունն ինքնին՝ առանց այդ խմբերի, այսպես ասած շարքային շերտերում, շատ ավելի մոտ է սահմանադրական կարգի գիտակցման նախադրյալներին, թեկուզ շատ դեպքերում պարզապես ինտուիտիվ, քան այդ վերնախավային շերտերը իրենց տարբեր տնտեսա-քաղաքական մոտիվներով, որոնք գործնականում քիչ ընդհանուր բան ունեն հանրության շարքային մոտիվների հետ, որքան էլ տեքստային իմաստով ամբողջապես այդ մասին են: Եվ խոշոր հաշվով, Հայաստանում սահմանադրական կարգի տանող կարող է լինել քաղաքական վերափոխումների ճանապարհը, նոր որակի քաղաքական, տնտեսական ու հանրային առաջնորդող խմբերի ձևավորման միջոցով, որոնց տարերքը կլինի ոչ թե քաոսը՝ կառավարելի, թե անկառավարելի այլ հանրային պատմա-քաղաքական և սոցիալ-հոգեբանական հետագծից բխող արդիականացումը:











































