Այսօր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից փորձեցինք ճշտել, թե Ադրբեջանից Հայաստան գաղթած որքա՞ն հայ կա, որ շարունակում են ապրել Հայաստանում, բայց հրաժարվում են ստանալ ՀՀ քաղաքացիություն: Նա մեզ հետ զրույցում շեշտը մեկ այլ հանգամանքի վրա դրեց: Նրա խոսքերով՝ փախստականի ընտանիքում 20 կամ 100 տարի հետո ծնված երեխան չի կարող փախստականի կարգավիճակ ստանալ:
«Այդ հիմքով և այլ հիմքերով էլ մենք մոտ մի 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք: Դա ոչ միայն պարզ խնդիր է, այլև օրենքի պահանջն է: Մենք 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք, որոնք կամ Հայաստանում են ծնվել կամ բռնագաղթից հետո: Ինչո՞ւ, որովհետև, եթե բռնագաղթից 20 տարի հետո ծնված երեխային փախստականի կարգավիճակ տանք, դա կդառնա անսահմանություն, ինչն աբսուրդ է: Հետևաբար՝ մեկ-մեկ գործերը նայել ենք և մոտ մի 140 անձի կարգավիճակը դադարեցրել ենք»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:





































