Standart & Poor’s գործակալության կողմից ԱՄՆ վարկային վարկանիշն իջեցնելու որոշումը ֆինանսական շուկաներում տիրող անորոշության հետ միայն անուղղակի կապ ուներ: Այսօրվա իրավիճակը վկայում է այն մասին, որ 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամից հետո իրականում ոչինչ էլ չի վերականգնվել: Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակակիր, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսսոր Փոլ Կրուգմանը:
«Այն, ինչ կատարվում է՝ շատ մռայլ պատմություն է, և որևէ լույս այս խավարում ես դեռ չեմ տեսնում»,- ասել է Կրուգմանը: Ըստ նրա՝ այսօր սկսվում է այն բանի գիտակցումը, որ բյուջեի դեֆիցիտի կրճատման քաղաքականությունն իրականում արգելակում է ԱՄՆ տնտեսությունը ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում:
Հայտնի տնտեսագետը հայտարարել է, որ աշխատավարձերի կրճատումը ազդելու է մարդկանց աշխատանքի որակի վրա, ինչի հետևանքը շատ ավելի ծանր կարող է լինել: Ըստ Կրուգմանի՝ ամեն ինչ կարող է ընթանալ այն սցենարով, որից բոլորն են վախենում:









































