Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց է կատարում Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ, ու ըստ հաղորդագրության քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործակցությունը: Թե ինչ կոնկրետ հարցեր է ենթադրելու քննարկումը, պարզ չէ, սակայն ուշադրության է արժանի այն, որ ԱԽ քարտուղարի այցը տեղի է ունենում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության երկրորդ ռաունդից հետո, որ կայացավ հունիսի 26-29-ը Վաշինգտոնում: Մյուս ուշադրության հանգամանքը այն է, որ այդ ռաունդից հետո Հայաստանում կայացավ Անվտանգության խորհրդի նիստ՝ հունիսի 30-ին, որին էլ փաստորեն հաջորդում է Արմեն Գրիգորյանի ԱՄՆ այցը:
Չի բացառվում, որ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն է մեկնում Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների«արդյունքով», որն էլ կարող է որոշակիորեն պայմանավորված լինել վաշինգտոնյան հայ-ադրբեջանական բանակցության ինչ որ «հանրագումարով»: Բոլոր դեպքերում, ժամանակագրական հաջորդականությունը արժանի է ուշադրության: Մյուս կողմից, վաշինգտոնյան բանակցությունից և Հայաստանում ԱԽ նիստից հետո թվիթերյան գրառում արեց Հայաստանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Մարուքյանը, որն ի դեպ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցության՝ Հայաստանի պատվիրակության կազմում էր:
Նա թվիթերյան գրառումով ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի լրատվամիջոցները փաստացի «ազդարարում» են Բաքվի հատուկ գործողություն Արցախի դեմ, կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Ադրբեջանի գործողություններին և թույլ չտալ նոր էսկալացիա: Ադրբեջանի քարոզչությունը դրանով զբաղված է տևական ժամանակ, այդ թվում վաշինգտոնյան բանակցությանը զուգահեռ: Ավելին, այդ բանակցության մեկնարկին Ադրբեջանը գործնականում գնաց սադրանքի, որի հետևանքով Արցախի հետ շփման գծում հայկական կողմն ունեցավ չորս զոհ: Եթե վաշինգտոնյան հանդիպումից հետո, առավել ևս այդ հանդիպումներին մասնակից հայաստանցի պաշտոնյան անում է միջազգային հանրությանն ուղղված այդպիսի կոչ, ապա դա թույլ է տալիս առնվազն եզրակացնել, որ այդ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը չի արժանացել բավարար, համենայն դեպս հայկական կողմին բավարարող ուշադրության: Խոշոր հաշվով, թերևս այդ ուշադրությունը բարձրացնելու համատեքստում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն ԱՄՆ:








































