ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այսօր Ինտերպոլը տվել է ձերբակալման հրահանգը գահընկեց արված լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի, որը ներկայումս թաքնվում է իշխանափոխություն իրականացրած ապստամբներից։
Քադաֆիից բացի՝ Ինտերպոլի ցանկում են հայտնվել նրա որդի Սայֆ Ալ-Իսլամը, որը ակտիվորեն պայքարում էր ապստամբների դեմ, և լիբիական հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլլահ Ալ-Սենուսին։
Այս փաստաթուղթը հասցեագրվել է Ինտերպոլի անդամ 188 երկրներին։ Ինտերպոլի գլխավոր քարտուղարը նշել է, որ Մուամար Քադաֆին հանցագործ է, որը պետք է ձերբակալվի և պատասխանատվության ենթարկվի իր դեմ ներկայացված մեղադրանքների համար։
Հիշեցնենք, որ երեկ Լիբիայի Ազգային անցումային խորհրդում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Նաջի Բարաքաթը հայտարարել է, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ այդ երկրում ապստամբները և Քադաֆիին հավատարիմ ուժերը տվել են 30 հազար զոհ, ավելի քան 50 հազար մարդ վիրավորվել է: Մոտ 4 հազարը համարվում են անհետ կորած:










































