ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ, որ հունիսի 23-ին իրականացրել է Բաքուն, փակելով միջանցք մուտքը բետոնե արգելապատնեշներով: Զախարովան հայտարարել է, որ նման քայլերը բերում են լարվածության աճի եւ չեն նպաստում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի մթնոլորտին: Զախարովան նշում է, թե կոչ են անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել միջձանցքը: Դժվար է որեւէ կերպ վերաբերմունք արտահայտել Զախարովայի գնահատականին, քանի որ մի կողմից սա կամ անզորության, կամ ցինիզմի դրսեւորում է: Անզորության, քանի որ միջանցքի վերահսկողությունը ՌԴ խաղաղապահների առաքելությունն է, իսկ Բաքուն միջանցքը արգելափակել է հենց նրանց ներկայության ու անգործության պայմաններում:
Հետեւաբար, եթե լինելով տեղում, կանգնած լինելով ռուսական դրոշով ու զինտեխնիկայով, խաղաղապահները ի զորու չեն թույլ չտալ Բաքվին խախտել եռակողմ հայտարարությունն ու խաղալ Ռուսաստանի հեղինակության հետ, ապա դրանից հետո միջանցքը բացելու կոչերը անզորություն են: Իսկ, եթե անզորություն չեն, ապա ցինիզմ են, որովհետեւ այդօրինակ կոչեր անելու փոխարեն, պարզապես պետք էր Ադրբեջանին թույլ չտալ գնալ քայլերի, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում են: Անզորություն, թե ցինիզմ, Արցախի համար հետեւանքը փաստացի նույնն է՝ ծանր մարդասիրական իրավիճակ, որի հանգուցալուծումը պարզապես չի նշմարվում: Իսկ Զախարովան հայտարարում է, թե հույս ունի, որ Երեւանը դուրս չի գա եռակողմ գործակցության ձեւաչափերից: Փաստացի ստացվում է, որ Բաքուն ըստ էության դուրս է եկել, որովհետև Բաքվի գործողությունները համենայն դեպս որեւէ կերպ չեն տեղավորվում եռակողմի մեջ, համենայն դեպս ըստ նույն Զախարովայի:
Եթե Երեւանն էլ դուրս գա, կնշանակի, որ դուրս է մնում Ռուսաստանը: Զախարովան հույս է հայտնում, որ Երեւանը դուրս չի գա: Իսկ Մոսկվային հայտնի է Երեւանի այդպիսի մտադրությու՞ն, թե՞ Ռուսաստանն ուզում է, որ Երեւանը դուրս գա, այսպես ասած «հրահրում» է Երեւանին՝ դուրս գալ, որից հետո կարող է ստեղծվել իրավիճակ, ինչի մասին որոշակի սցենարային դատողություններ արեցինք օրեր առաջ, երբ Հայաստանը դուրս է գալիս եւ այդ կերպ սրում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետի երկարաձգման հարցը: Բայց, ինչ կարող է լինել, եթե գործի մեկ այլ սցենար, Ռուսաստանի դուրս գալու սցենարը՝ Հայաստանից հետո: Հատկանշական է, որ այս թեմայի սրացումը տեղի է ունենում վաշինգտոնյան հանդիպումից առաջ: Եթե սրվում է այդ թեման, ապա Վաշինգտոնում առաջանում է Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման մեխանիզմի հրատապություն: Վաշինգտոնը կամ գործնական պատասխանատվության ներքո քայլեր է կատարում այդ Բաքվին այդօրինակ մեխանիզմի դաշտ բերելու ուղղությամբ, կամ փաստացի ստացվում է, որ պատրաստ չէ ապահովել Ռուսաստանի ներկայության գործուն փոխարինում: Իսկ դա կարող է ապահովել միայն ԱՄՆ, ուրիշ ոչ ոք:








































