Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական երկխոսության նիստ, որին թուրքական պատվիրակությանը կղեկավարի փոխարտգործնախարարը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Վիկտորիա Նուլանդը՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալը, ամերիկյան դիվանագիտության ու քաղաքականության երկարամյա առանցքային դեմքերից մեկը: Նուլանդի ներգրավվածությունը ընդհանրապես ցուցիչ է, թե ինչ կարևորություն է տրվում որևէ գործընթացի: Միևնույն ժամանակ, ավելորդ է թերևս ասել, թե Նահանգների համար ինչպիսին է Թուրքիայի կարևորությունը, չնայած Էրդողանի վարչակազմի հետ բավականին բարդ հարաբերությանը: Միևնույն ժամանակ, թեև կար տարածված տեղեկություն, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահի պաշտոնում ցանկանում էր տեսնել ընդդիմության քեմալական թեկնածու Քըլըչդարօղլուին, այդուհանդերձ Էրդողանի հաղթանակի իմաստը Նահանգների համար ամենևին միարժեք չէ:
Թուրքիան Նահանգների համար դիտարկվում է ներկայիս աշխարհակարգային վերափոխումների բարդ գործընթացի պրիզմայով և, որքան էլ չհնչի տարօրինակ, քաղաքական խորքում թուրքական քաղաքականության էրդողանյան ոճն ու փիլիսոփայությունը այդուհանդերձ կարող են լինել առավել պահանջված ու շահեկան, որովհետև Չինաստանի հետ գերակա դիմակայության հարցում ԱՄՆ համար կարևոր է հավակնոտ Թուրքիան, որը իր պահանջներն ու հավակնություններն ունի ընդհուպ կենտրոնասիական ռեգիոնի՝ Չինաստանի «քթի տակ»: Սա ըստ էության վերաբերում է նաև Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությանը, քանի որ հավակնոտ Թուրքիան կաշկանդող է նաև Մոսկվայի և Իրանի համար, որոնց թե սերտ, գրեթե դաշնակցայինի վերաճած գործընկերությունը Վաշինգտոնին անհանգստացնում է թե ինքնին, թե նաև Չինաստանի հետ «կոմբինացված» իմաստով:
Ի դեպ, մատնանշածս հանգամանքի վկայություն է թերևս այն, որ Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից անմիջապես առաջ բավականին հավակնոտ հայտարարություններ արեց նաև Քըլըչդարօղլուն, որը առաջին փուլում կարծես թե «հրաժարվել» է օրինակ «զանգեզուրյան միջանցքից», հայտարարելով, որ Թուրքիան կապը Արևելքից-Արևմուտք տեսնում է Իրանի միջոցով: Այստեղ Քըլըչդարօղլուն իր մոտեցումը փոխեց թերևս ոչ միայն թուրքական հանրության տրամադրությունից ելնելով, ի վերջո հանրության տրամադրությունը նրա համար չէր կարող լինել նորություն, այդ թվում նմանօրինակ հիմնարար հարցերում, այլ թերևս հենց Արևմուտքի տրամադրոությունից ելնելով, որի աջակցությանը ընդդիմության թեկնածուն անշուշտ տալիս էր էական նշանակություն: Եվ, ի վերջո, հանգամանքը, որ Թուրքիայի նախագահի ընտրությանը չհաջորդեց «հետցնցում», նաև այն պատճառով էր, որ ԱՄՆ բավականին արագ ընդունեց ընտրության արդյունքն ու Էրդողանին առաջին շնորհավորողների շարքում էին նախագահ Բայդենն ու պետքարտուղար Բլինքենը:
Այս հանգամանքները դիտարկման են արժանի հայկական դիտակետից, ընդ որում ոչ միայն զուտ ռեգիոնալ դասավորությունների իմաստով, այլ նաև այն ժամանակագրական պատկերի ֆոնին, որ առկա է Վաշինգտոնում սպասվող հայ-ադրբեջանական բանակցության մասով: Ուշադրության է արժանի, որ այդ՝ հետաձգված բանակցությունը, որ պետք է կայանար դեռևս տասն օր առաջ, տեղի է ունենալու Վաշինգտոնում անցկացվող թուրք-ամերիկյան ռազմավարական խորհրդի նիստից հետո: Եվ բոլորովին բացառելի չէ այն, որ հենց այստեղ էլ պետք է տեսնել հանդիպման առաջին ժամկետի չեղարկումը, որ իրականացվեց Ադրբեջանի միջոցով: Հունիսի 23-ին Վաշինգտոն-Անկարա ռազմավարական խորհրդի նիստը շատ բան կկանխորոշի հաջորդ շաբաթ կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման մթնոլորտի իմաստով և Վաշինգտոնն ըստ ամենայնի կփորձի ստանալ Անկարայի աջակցությունը՝ վաշինգտոնյան գործընթացը ամրապնդելու համար:









































