Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, որի հրավերով էլ հունիսի 19-ին մեկնել էր Ֆրանսիա և ներկա գտնվել Լա Բուրժեի ռազմաօդային ցուցահանդեսին: Ի դեպ, այն կորոնավիրուսի համաճարակից հետո անցկացվում էր առաջին անգամ: Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հետ հանդիպմանը Սուրեն Պապիկյանը քննարկել է նախորդ տարի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նաև գործակցության այլ հարցեր: Անշուշտ, պաշտոնական հաղորդագրությունը նախորդ տարվա հանդիպման հանգամանքը նշում է խորհրդանշական շեշտադրումով, քանի որ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արցախի ու նաև փաստացի Հայաստանի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի մեկնարկը:
Մեծ հաշվով, ագրեսիան հիշատակվում է ինտենսիվ գործողությունների 44 օրերով, սակայն ըստ էության այն տարբեր ինտենսիվությամբ, բայց շարունակվում է առ այօր: Եվ հենց առ այսօր շարունակվող ագրեսիան է նաև, որ Հայաստանին ստիպում է փնտրել պաշտպանական կարողությունների վերականգնման և արդիականացման նոր հնարավորություններ, հատկապես հաշվի առնելով և այն, որ պաշտպանական բնագավառի առանցքային գործընկեր Ռուսաստանը ներկայումս գերզբաղված է Ուկրաինայում իր ռազմական հատուկ գործողությամբ և ի վիճակի չէ իրականացնել Հայաստանի ձեռք բերած սպառազինության մատակարարումը: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանի խնդիրը լոկ այն չէ, որ Ռուսաստանը չի հասցնում իրականացնել իր մատակարարումները:
Խնդիրն այն է, որ հայկական զինուժը ունի տեխնոլոգիական արդիականացման կարիք և այդ իմաստով Ֆրանսիան կարող է լինել այն երկրներից մեկը, որը կարող է Հայաստանի համար լինել որոշակի հեռանկար ունեցող գործընկեր: Այստեղ հարկ է նկատի ունենալ գործոնների համախումբը, որ Ֆրանսիան այդ տեսանկյունից դարձնում է աշխատանքային արժեքավոր ուղղություն, թեև այն չի կարող լինել միակը և իհարկե չպետք է լինի միակը: Բայց, տվյալ պարագայում խնդիրը լոկ ուղիղ իմաստով դիվերսիֆիկացիայի մասին չէ, այլ որոշակի առումով, թեկուզ պայմանական, հարաբերական իմաստով՝ «կլաստերային» գործակցության հնարավորությունը դիտարկելու և կառուցելու մասին: Մասնավորապես, եվրաատլանտյան ուղղությամբ, հաշվի առնելով շահերի համադրության մի շարք նկատելի հեռանկարներ, Ֆրանսիայի հետ պաշտպանական գործակցությունը գուցե արժե դիտարկել Հունաստանի հետ արդեն որոշակի ավանդութային գործակցության համապատկերում, այդ թվում նկատի ունենալով Ֆրանսիա-Հունաստան գործակցության հանգամանքը: Միևնույն ժամանակ, դա իհարկե կարող է լինել կորիզ, որոշակի աշխատանքային ծավալման մասին մտածելու համար: Միևնույն ժամանակ, անշուշտ հարկ է արձանագրել, որ այս աշխատանքը չափազանց բարդ ու տարողունակ, մեծ համբերատարություն ու հետևողականություն պահանջող աշխատանք է, որը պահանջում է նաև պաշտպանություն ավելորդ պատրանքներից և չափազանցված, իռացիոնալ, երևակայական սպասումներ ձևավորելուց, որոնք միմիայն խանգարելու են հաշվենկատ աշխատանքի հեռանկարին:











































