Նախորդ տարվա իրադարձությունները փոխել են մեր մակրոմիջավայրը, ներկայիս դրամը բոլորովին այլ արժեք ունի, եթե համեմատենք 1-2 տարի առաջվա դրամի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա հետևանքով արտահանողների խնդիրներին:
«Այդ պարագայում պետք է հասկանանք, որ արդյունաբերական տարբեր ոլորտներ, ծառայությունների ոլորտներ կրելու են զգալի փոխակերպումներ: Այդ փոխակերպումները որոշ կազմակերպությունների համար կլինեն ցավոտ, որոշների համար՝ ոչ այնքան: Էկոնոմիկայի նախարարությունն իր բոլոր միջոցառումներով աջակցում է արտադրողականության խթանմանը և ավելացված բարձր արժեքի ստեղծմանը»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ այն ընկերությունները, որոնք արտահանել են աշխատուժ, այսինքն՝ Հայաստանում ավելացված արժեքի ստեղծումը եղել է շատ սահմանափակ, ներկրվել է հիմնականում հումք, տարբել է ձեռքի աշխատանք, այդ կազմակերպությունները ամենաշատն են զգում այս փոփոխությունների ազդեցությունը:







































