Արբանյակային լուսանկարներից ստացված պատկերի հիման վրա տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը վերացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող ևս մի հուշարձան՝ Հալիվորի կամուրջը, որ գտնվում է Հադրութի շրջանում: Սա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքն է: Հերթական դեպքն է միջազգային գործնականում լռության պայմաններում, որ ըստ տրամաբանության պետք է խախտեին այն կազմակերպությունները, որոնք պատասխանատվություն ունեն մշակութային ժառանգության պահպանման համար, որոնք ստեղծվել և գործում են կարծես թե այդ առաքելության համար: Օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի համար կարծես թե գոյություն չունի Ադրբեջանի հետպպատերազմյան վանդալիզմի խնդիր:
44-օրյա պատերազմից մոտ երեք տարի անց էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործնականում որևէ ջանք չի գործադրում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մոնիտորինգ իրականացնելու ուղղությամբ, Ադրբեջանի արգելքը հաղթահարելու ուղղությամբ: Ընդհանրապես, միջազգային մարդասիրական կառույցները, որ ստեղծվել ու գործում են տարբեր ձևաչափերով, գործնականում անհաղորդ են հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրի հանդեպ, որը չափազանց սուր ձևով առկա է Ադրբեջանում:

Նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից «հանկարծ» հրաժարական ներկայացրեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Ըստ ադրբեջանցի վտարանդի որոշ գործիչների, դրա պատճառը Ադրբեջանի կառավարող ընտանիքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև եղած կոռուպցիոն կապերն էին: Գործնականում սակայն, 2004 թվականից այդ կարգավիճակն ունեցող Ալիևայի հրաժարումը ուներ թերևս զուգահեռ այլ մոտիվ՝ «ազատել» ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ադրբեջանի վանդալիզմի հանդեպ անտարբերության համար «ավելորդ» խոսակցությունից: Եթե Ալիևան շարունակեր մնալ այդ կազմակերպության բարի կամքի դեսպան, ապա Ադրբեջանի հանդեպ կառույցի լռությունը ակնհայտորեն պայմանավորվելու էր դրանով:
Իսկ, երբ Ալիևան հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի կարգավիճակից, կտրում ֆորմալ կապը կառույցի հետ, այդ կառույցին «ազատում» է ավելորդ քննադատությունից, հետևաբար տալիս Ադրբեջանի վանդալիզմի հանդեպ ավելի անկաշկանդ և անբռնազբոս լռության ու անտարբերության հնարավորություն: Համենայն դեպս, շատ դժվար է գտնել բացատրություն, թե ինչով է պայմանավորված, որ Բաքուն շարունակում է հայկական տարածքներում մշակութային հետքի ոչնչացումը, իսկ միջազգային մարդասիրական կառույցներն էլ՝ այդ հարցում անկասկած առավել հեղինակավոր ՄԱԿ ստորաբաժանման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, շարունակում են այդ երևույթին նայել մատների արանքով, որևէ կերպ հետևողականորեն ու բարձր չդնելով խնդիրը մշտադիտարկման ենթարկելու հրամայականի հարց, և բավարարվելով լոկ նրանով, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել այդ տարածքներ: Հետո իհարկե Բաքուն թույլ կտա, երբ ջնջած կլինի ամեն ինչ, որպեսզի այսպես կոչված մշակութասիրական կառույցները արձանագրեն, թե՝ «ոչինչ էլ չի եղել, որ ավիրվեր կամ ոչնչացվեր»:









































