Հայաստանի Ջինիի գործակիցը, որը բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը հասարակության տարբեր խմբերի միջև, 2021 թվականին կազմել է 0,27։
Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը:
«Կարևոր ցուցանիշ է Ջինիի գործակիցը, որի մասին, թեև քիչ ենք խոսում, սակայն այն բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը հասարակության տարբեր խմբերի միջև։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին, ապա ծայրահեղ անհամաչափ։ Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30»,- ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը կարևոր ցուցանիշ է համարում նաև աղքատության էլաստիկության ինդեքսը, որը ցույց է տալիս, թե 1 տոկոսային կետով համախառն ներքին արդյունքի աճը որքան է ազդում աղքատության վրա։
« Վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տոկոսի ՀՆԱ աճը հանգեցնում է մեկ տոկոսով աղքատության նվազմանը։ Եվ վստահ եմ, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո կարձանագրենք աղքատության ցուցանիշների նվազում»,- ասաց Հովհաննիսյանը։








































