Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է նվազեցնել ՏՏ ոլորտում աշխատողների եկամտահարկը, հասցնելով այն հինգ տոկոսի, այդ կերպ ոլորտը խթանելու, արտոնության շնորհիվ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար, նաև արտարժույթի փոխարժեքի նվազման կորուստը փոխհատուցելու համար, քանի որ ոլորտում աշխատողների զգալի մասի աշխատավարձը հաշվարկվում է արտարժույթով: ՏՏ ոլորտը Հայաստանում ունի ռազմավարական նշանակություն, սա հայտնի է, և թերևս անվիճելի ճշմարտություն: Բայց, Հայաստանում կարծես թե առ այսօր ձևակերպված էլ չէ, թե ինչ է նշանակում ՏՏ ոլորտ, և առավել ևս ինչ է նշանակում ռազմավարական նշանակություն: Որովհետև, մեզանում լայնորեն տարածված է ընկալում, որ ՏՏ ոլորտը ծրագրավորողներն են, իսկ ռազմավարական նշանակությունն էլ այն է, որ նրանք պետք է Հայաստանն ապահովեն ինչ որ չտեսնված մի սպառազինական արդյունքով, որը Հայաստանն օժտելու է պաշտպանական մեծ ուժով: Իրականում, այս տարածված ընկալումների ներքո գործնականում անորոշ ու անհասկանալի, ռազմավարական, հայեցակարգային իմաստով համակարգված ու մշակված քաղաքականությունից զուրկ մի պատկեր է, որի շրջանակում էլ թերևս «մտածվում» են այդօրինակ արտոնությունները, որոնք իրենց խորքում պարունակում են որոշակի ռիսկեր հենց մտածողական, մշակութային, հասարակական հարաբերությունների սոցիալ-հոգեբանական տիրույթում:
Բանն այն է, որ վերը նշված քաղաքականության ռազմավարական, հայեցակարգային բնույթի բացակայության պայմաններում, ռազմավարական ոլորտ ասելով թերևս ընկալվում է նաև այն, որ դա մի ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնալ «այթիշնիկ» և ունենալ աշխատաշուկայում պահանջարկ, ունենալ բավականին կայուն և նկատելիորեն բարձր աշխատավարձ և այդպիսով դադարել լինել «բեռ պետության» համար: Իսկ անհրաժեշտ դեպքերում էլ պետությունը կմտածի ահա ժամանակ առ ժամանակ հարկային արտոնություններ, այդ կերպ ըստ էության ոչ ուղղակի, բայց փաստացի հայտնելով ազդակը՝ «ձեզ համար ստեղծել ենք լավ պայմաններ, գնացեք, դարձեք ծրագրավորող և ապրեք»: Սա գուցե առկա մոտեցումների փոքր ինչ պարզեցված, փոքր ինչ կոպիտ ինտերպրետացիա է, սակայն ըստ էության դա է ազդակը: Կասկածից վեր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայումս ողնաշարային է ամբողջ համաշխարհային տնտեսության համար և այստեղ բավականին կոշտ պայքար ու մրցակցություն է: Բայց, այդ պայքարում մրցունակության համար անհրաժեշտ է քաղաքականություն, հայեցակարգված, թիրախային, հեռանկարային հաշվարկներով, որի բուն նպատակը պետք է լինի ոչ թե ոլորտը պետական խնամակալությանը հանձնելն ու այդ ոլորտից «երես առած երեխա» ստանալը՝ հնարավոր է նաև այդպես ապագա ընտրազանգված ձևավորելու հաշվարկով, այլ հակառակն անելը՝ երեխայի ինքնուրույն մրցունակության հիմնարար միջավայր ձևավորելը, ինչը պետք է ենթադրի հենց առավել խորքային մշակումներով հագեցած տնտեսական քաղաքականություն: Իսկ վերը նշված մտածողական, սոցիալ-հոգեբանական ռիսկերը արդեն հասարակական փոխհարաբերությունների դաշտում են:
Ներկայումս տնտեսական իրողությունները այնպիսին են, որ զգալի ծանրացրել են տնտեսության այլ ոլորտների աշխատանքը, այլ ոլորտներում տնտեսվարողներին դրել են նոր մարտահրավերների առաջ, սկսած արտահանման բարդություններից, մինչև հարկային խնդիրներ: Մինչդեռ, հենց այդ ոլորտների միջավայրային հնարավորություններն ավելի քիչ են, քան այսպես ասած ՏՏ տիրույթում եղածը: Բայց, դրանով հանդերձ, կառավարության քաղաքականությունը փաստացի ձևավորում է «արտոնյալ մասնագիտական» շերտ՝ մյուս ոլորտներում ներգրավված սուբյեկտների և աշխատակիցների համեմատ, ընդ որում այդ «շերտը» ինքնին նկատելիորեն առավել բարվոք վիճակում գտնվող շերտ է, և որին տրվող արտոնությունները փաստորեն «ծածկվելու» են մնացյալ տիրույթներում, մնացյալ ոլորտներում գտնվող սուբյեկտների հարկային ծանրաբեռնվածության հաշվին: Ընդ որում, որևէ կերպ չափելի չէ այն համընդհանուր համակարգային շահը, որի վրա տեսականորեն պետք է հենված լինի այդօրինակ որևէ քաղաքականության տեսաբանություն:







































