«Այսօր ես ունեմ գերեզման, բայց չգիտեմ, թե ինչու են տղայիս այդքան գազանաբար սպանել»,- «Սևազգեստ բանակ»-ի երթի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր ասաց 2007 թվականի օգոստոսի 30-ին դաժանաբար սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը` մեկնաբանելով Վլադիմիր Գասպարյանի հրավերը չընդունելու պատճառները: «Վովա Գասպարյանի հետ ոչինչ չունեի խոսելու, որովհետև բազմիցս եղել եմ իր մոտ, ու 4 տարի ա ոչ մի լուծում չի տալիս, ոչ մի քայլ չեմ տեսնում իրենց գործողությունների մեջ»,- նշեց սևազգեստ մայրը:
Տեղեկացնենք, որ Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը եղել էր էլեկտրահարումը, որը 2010 թվականին 3 ատյան դատարաններով անցնելուց հետո հերքվեց, և արդարացվեցին մեղադրյալները : Գործը հետ է ուղարկվել նոր քննության: 1 տարի քննությունը շարունակվում է, բայց ոչ մի արդյունք:
«Բոլոր փաստերը, իրեղեն ապացույցները կոծկվել են, և գործը տարվել է ուրիշ ուղղությամբ, ոչ սպանության, այլ դժբախտ պատահարի»,- ասաց Տիգրանի մայրը`ընդգծելով, որ շատ կարևոր փաստերի դատարանը իրավական գնահատական չի տվել: Նրա խոսքով` իշխանությունը, դատաիրավական համակարգը՝ նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին, գտնում է , որ դատախազ-քննիչ պիտի պատասխան չտան իրենց անօրինական գործողությունների համար:
«Արել են այդ հանցագործությունը, գործը տարել են ուրիշ ուղղությամբ, մարդասպանը չի բացահայտվել և պատժվել, պիտի հաջորդը սպանվի մյուսը, մյուսը, ու պատասխան չտան: Այսօր սա նույնպես իմ ցավն է: Բոլոր սպանությունների քրեական գործերը նույն ձեռագրով կոծկվում են: Այդ նույն ձեռագրով շարունակում են նաև իմ երեխայի գործը, դատարանն ապացուցեց, որ պաշտոնական վարկածը սխալ է , բա ի՞նչ ա եղել: Ես ծնող եմ, խնդրում, աղաչում եմ դատարանին, դատախազությանը, բոլոր պատկան մարմիններին, ի՞նչ ա արել իմ երեխան, որ այս գազանաբար սպանությանն է արժանացել»,- ավարտեց իր խոսքը Տիգրանի մայրը:











































