Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում են իրականացրել Կիևի և Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ այս գիշեր երկրի տարածքի վրա է արձակվել իրանական արտադրության 36 «Շահիդ» ԱԹՍ, որոնցից բոլորը խոցվել են:
Ըստ հաղորդագրության՝ ռուսական ուժերը փորձել են հարվածել Ուկրաինայի արևմտյան նահանգներում գտնվող կարևոր ենթակառուցվածքների և ռազմական կառույցների:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի տրամադրել «Շահիդ» ԱԹՍ-ներ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը 30 ավիահարված են հասցրել և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 39 արկ են արձակել ուկրաինական զորքերի դիրքերի և տարբեր բնակավայրերի ուղղությամբ:
Ռուսական կողմից էլ հաղորդում են ուկրաինական ուժերի հարվածների մասին: Ըստ ТАСС գործակալության՝ 13 ժամվա դադարից հետո Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Դոնեցկը: Բացի այդ, լրատվամիջոցը հաղորդում է, որ ուկրաինական ուժերը գիշերը գնդակոծել են Խերսոնի մարզի Կախովկա, Նովայա Կախովկա և այլ բնակավայրերը՝ արձակելով 28 արկ:
Հարվածներ են հասցվել նաև Ղրիմին: Թերակղզու տարբեր հատվածներում, ըստ շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովի, ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է 6 ԱԹՍ: Տուժածներ չկան: Իսկ Սևաստոպոլից հայտնել են վաղ առավոտյան ԱԹՍ-ների հարձակումը հետ մղելու մասին:











































