ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է, որ Նահանգները դիտարկում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը, այդ կերպ ձգտելով բարձրացնել Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը: Լոնգին խոսել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրասիայի այլ երկրների մասին, դիտարկելով Ռուսաստանից ու Չինաստանից էներգետիկ անկախությունը: ԱՄՆ մտադրությունը բավականին հետաքրքիր է, միևնույն ժամանակ սակայն, ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը պարունակում է մարտահրավեր: Այն հետաքրքիր ու կարևոր է նրանով, որ Հայաստանի էներգետիկ անկախությունը մեր երկրի համար իսկապես ռազմավարական նշանակության հարց է: Ու խնդիրն այս դեպքում ամենևին Ռուսաստանը չէ, համենայն դեպս Հայաստանի դիտանկյունից:
Խնդիրը այն աշխարհաքաղաքական-աշխարհագրական միջավայրն է, որ շրջապատում է Հայաստանին, անկայունության մեծ ռիսկերով, հետևաբար էներգետիկ ենթակառուցվածքային լոգիստիկայի անկայունության ռիսկով: Մարտահրավեր է այն իմաստով, որ, երբ Նահանգների բարձրաստիճան դիվանագետը հայտարարում է, որ Հայաստանի հետ էներգետիկ գործակցության ծրագրերը միտված են Ռուսաստանի ազդեցության թուլացմանը, ըստ էության մարտահրավեր, ձեռնոց է նետում Ռուսաստանին և Հայաստանին դարձնում դրա կողմ կամ դնում այդ կողմը դառնալու ռիսկի առաջ: Իհարկե, որևէ մեկը միամիտ չէ և հասկանում է, որ այդօրինակ նախաձեռնությունների հիմքում ՌԴ հետ մրցակցությունն է, ՌԴ ազդեցության թուլացումը: Բայց, քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը ունեն այնպիսի կառուցվածք, երբ ուղեկցող հայտարարությունները այդուհանդերձ նշանակալի ազդեցություն ունեն աշխատանքային մրջավայրի ձևավորման հարցում: Իսկ այս պարագայում, ամերիկացի պաշտոնյան Կոնգրեսում հայտարարում է մի բան, որը մեղմ ասած ավելորդ լարվածություն է ստեղծում թե հայ-ամերիկյան, թե հայ-ռուսական աշխատանքային միջավայրերի համար՝ լարվածություն, որը առաջին հերթին խնդիրներ կարող է առաջացնել հենց Հայաստանի համար:
Իչպես բազմիցս արտահայտել եմ, հայ-ամերիկյան հարաբերության խորացման, երկխոսության ընդլայնման և կապի սերտացման համար շատ կարևոր է խուսափել այդ գործընթացը և այդ աշխատանքը Ռուսաստանի հետ դիմակայության հասցեականությամբ օժտելուց, հաշվի առնելով Հայաստանի համար մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողություններ: Երբ հայ-ամերիկյան օրակարգն օժտվում է այդպիսի հասցեականությամբ, ապա դա կամ անշրջահայացությունից բխող սխալ է, կամ որևէ այլ միտում և նպատակ ունեցող հաշվարկի դրսևորում, որի պարագայում հայ-ամերիկյան օրակարգը լոկ գործիք է, այն էլ ժամանակավոր կամ մեկանգամյա գործածության: Իսկ դա համենայն դեպս չի կարող բխել Հայաստանի շահից:






































