Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական IRIB News հեռուստաընկերության պաշտոնական կայքը, նշում է, որ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը քննադատել է Թուրքիային՝ սեփական տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) տեղակայելու որոշման համար.
«Թուրքիայում հրթիռային հարձակման վաղ զգուշացման համակարգի տեղակայումը չի կարող երաշխավորել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց իր՝ Թուրքիայի կայունությունն ու անվտանգությունը։ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը կխաթարի տարածաշրջանի երկրներում առկա կայունությունը։ Իրանը հուսով է, որ իր հարևան ու բարեկամ երկրները չեն վարի այնպիսի քաղաքականություն, որը ճգնաժամ կառաջացնի նրանց ու Թեհրանի միջև»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման վաղ զգուշացման համակարգը տեղակայվելու է Թուրքիայում։
Ի դեպ, երեկ էլ հակաթուրքական նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Իսմայիլ Կոսարին։








































