Առաջիկայում ՌԴ քաղաքացիության մասին օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոփոխվում է պայմանագրային զինծառայություն անցնող օտարերկրացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու կարգը։ Քաղաքացիություն ստանալու պարզեցված ռեժիմ կարող են «պահանջել օտարերկրյա քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության պայմանագրեր են կնքել հատուկ ռազմական գործողության ընթացքում»։
Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխություններով բավականին հեշտանում են քաղաքացիության հիմունքները:
«Եթե առաջ զորակոչի մասնակիցը կարող էր քաղաքացիության համար դիմել, եթե իրականում ունեցել է վնասվածք, հետո բանակից վերադարձել է, հեշտացված էր,
ապա հիմա ընդհանրապես թեթևացնում են, բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ռազմական գործողություններին կամավոր մասնակցելու մեկ տարվա համաձայնագիր, դա հիմք է, որ դիմեն քաղաքացիություն ձեռք բերոևմ: Ավելի լայն ոլորտի դիմորդներ կարող են հայտնվել»,-ասաց նա:
Կիրակոսյանը նշեց, որ ըստ ՌԴ վիճակագրական կոմիտեի տվյակների՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել 106 հազար անձ, որտեղ ՀՀ քաղաքացիները երրորդ տեղն են գրավում քանակով: Առաջին երկու տեղերում Ուկրաինան և Տաջիկստանն են: Այս տարի Հայաստանի 9 հազար քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:
«Հայաստանի համար սա արդեն վիճակագրություն չէ, այլ ողբերգություն է, դրամա: Ամեն տարի այդքան մարդ է հեռանում: Դա միայն Ռուսաստանի մասին է, ես չգիտեմ, թե այլ երկրներում ինչպիսին է վիճակագրությունը ՀՀ քաղաքացիների մասով:
Այն տնտեսական վերելքը, որ կա Հայաստանում և այս տվյալները մի քիչ իրար չեն համապատասխանում: Պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում, որն է ավելի օբյեկտիվ ցուցանիշ: Մի կողմից կա ներհոսք դեպի Հայաստան, մյուս կողմից այսպիսի թվեր: Պետք է այս ամենը համատեղել և եզրակացություններ անել»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով քաղաքացիություն մասին օրենսդրական փոփոխություններին՝ Կիրակոսյանը նշեց, որ հասկանալի է, որ Ռուսաստանն էլ իր քաղաքականությունն է վարում, շահագրգռված է, որ ներհոսք լինի:
«Վերջերս Պուտինը մեկ այլ հրամանագիր ստորագրեց, որ ենթադրում է տնտեսական որոշակի քայլեր՝ ուղղված Ռուսաստանից արտահոսքի նվազմանը: Ես չգիտեմ՝ ինչ տնտեսական քայլերի մասին է խոսքը, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ավելացնի իր պետության բնակչության թվաքանակը: Այստեղ հայրենասիրության և տնտեսական շահի համատեղման հարցն է դրված: Մեկը պատրաստ է բոլոր պայմանների դեպքում էլ մնալ հայրենիքում, մյուսը սոցիալական պայմաններից ելնելով մտածում է ուրիշ պետություն մեկնելու մասին:
Ցավոք, հայերի դեպքում այդ արտահոսքը Հայաստանից դարեր շարունակ եղել է: Դա մեր կյանքի ձևն է, դժբախտաբար»,-հավելեց նա:











































