Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրերն էին Սայաթ-Նովա, Թումանյան, Նալբանդյան, Ա. Պետրոսյան փողոցների հարակից շենքերի բնակիչները։ Նրանք բողոքում էին իրենց շենքերին կից տարածքների սեփականացման և կառուցապատման մասին քաղաքապետի որոշման դեմ։
Հիշեցնեք, որ կառավարության որոշմամբ՝ վերը նշված հասցեները ճանաչվել են գերակա շահ և կառուցապատման նպատակով տրվել ոմն սփյուռքահայ Գևորգ Մարդանյանի, ով որոշել է այդ տեղում յոթ հարկանի չորս շենք կառուցել: Սակայն, եթե նշված շենքերը կառուցվեն, երկրաշարժի դեպքում, Աստված մի արասցե, մարդիկ չեն կարող փախչել, ազատ տեղաշարժն է սահմանփակվում, ինչպես նաև՝ բնակիչները զրկվում են արևի լույսից՝ չհաշված, որ բազմաթիվ ծառեր են չորացվում: Այնինչ քաղաքապետարանը «կանաչապատման քաղաքականություն» է որդեգրել: Հիշենք, որ ոստիկանության մանկապարտեզը ևս հանուն այդ գերակա շահի փակվեց և քանդվեց: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում՝ վերը նշված շենքերի բնակիչների անունից ահազանգեցին Ռիտա Կարպետյանն ու Կարինե Վիրաբյանը:
Նրանք նաև տեղեկացրեցին, որ հանդիպել են գլխավոր ճարտարապետի հետ, ով ասել է, թե, հաշվի առնելով կառուցվելիք շենքերի ռիսկայնությունը, որոշել են երկու տասնվեց հարկանի շենքերի փոխարեն, չորս յոթ հարկանի շենք կառուցել: «Մարդու իրավունքների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, բնակիչ, Յուրա Դադյանը ավելացրեց, որ Նարեկ Սարգսյանը միտումնավոր է սկզբում որոշել տասնվեց հարկանի շենք կառուցել, այնուհետև փոխել յոթ հարկանիի՝ ձև անելով, թե որոշակի զիջումների են գնացել: Նա նաև չմոռացավ հողին հավասարեցված մանկապարտեզի մասին՝ հարցնելով, թե ի՞նչ է կառավարությունը մտածում է, թե հայ ժողովրդի արգանդը չորացե»՞լ է:
Բողոքողները միաժամանակ ավելացրեցին, որ իրենց քաղաքապետարանի կողմից ոչ մի պարզաբանում չի հետաքրքրում, իրենց ապօրինի համարված կառույցների փոխարեն երեխաների համար անհրաժեշտ է մանկապարտեզ և վե՛րջ:
Քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի ներկայացուցիչ, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Աշոտ Հակոբյանն իր հերթին ավելացրեց, որ չմոռանան, որ հայ են և մեկը մյուսի նկատմամբ բարեհամբույր լինեն: Նա նաև նկատեց, թե եկեք չմոռանանք, թե ինչ ենք ունեցել նշված հասցեներում և ինչ ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքը խորդանոցների, ավտոտնակների և բնակելի տների մասին էր: Անցում կատարելով բարձրահարկ շենքերի կառուցման տրամաբանությանը՝ քաղաքապետի ներկայացուցիչը պարզաբանեց, թե սա բարեկարգման ծրագրի տրամբանությունն է՝ սկսել է դրսից և հասնելու է բակերին:
Ի դեպ, քաղաքապետարանի ներկայացուցչի և բնակիչների միջև երկխոսությունը չստացվեց, քանի որ կողմերը խոսում էին առանց իրար լսելու: Յուրաքնչյուրն ասում էր իր ասելիքը՝ առանց մյուսի պատասխանին սպասելու: Այնպես, որ նրանք ընդհանուր հայտարարի չեկան և, ինչպես ցույց տվեց նրանց երկխոսության ընթացքը, այս խնդրի խմորը դեռ երկար ջուր կքաշի: Քաղաքապետարանի ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ բնակիչները կստանան համապատասխան փոխհատուցում:
Բնակիչները վերջում ավելացրեցին, որ, միևնույն է, քաղաքապետարանի պարզաբանումն իրենց սրտով չէ, քանի որ իրենց առաջարկում են կյանք՝ ակվարիումի մեջ:
Վերջում քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է գերակա շահ ճանաչվել, նշեց, որ այն գերակա է համարվել կառավարության որոշմաբ, իսկ մնացածի համար ինքը պատասխան չի տալիս:










































