«Անկախության հոբելյանը առիթ պետք է լինի գնահատելու ձեռքբերումները, լիցքավորվելու և այդ լիցքով առաջ ընթանալու: Պետություն ունենալը բավարար չէ անկախ համարվելու համար պետք է ունենալ պետականություն, այս տեսանկյունից՝ պետք է ասել, որ մենք մինչ այսօր չենք կայացրել պետականություն: Պետականության հատկանիշները պետք է լինեն օրինականությունը, ազատությունը, արժանապատվությունը և այլն: Եթե նայում ենք, թե որքանով են դրանք իրականացել մեզանում, արդյունքները տպավորիչ չեն։
Այսօր ՀՀ-ն և Արցախը կախյալ են քաղաքականապես՝ և ՌԴ-ից, և ԱՄՆ-ից, նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Իսկ օրինականության առումով՝ նա նշեց. «Կարծում եմ՝ օրենքը ՀՀ-ում գոյություն ունի. բայց եթե վերնախավերի նկատմամբ չի կիրառվում… ճիշտ չի միայն ժողովրդի վրա կիրառելը։ Մենք ականատես ենք աղքատությանը, բևեռացվածությանը, որը մեծ մասամբ սուբյեկտիվ իրադրության արդյունք է: Բնակչության տասը-տասնհիգ տոկոսն է ապրում զեխ կյանքով։ Հայ մարդը պետք է լինի ազատ, նշանակում է՝ կարողանալ բավարարել բոլոր տարրական պահանջները, կարողանալ իրացնել կյանքը՝ որպես մարդ, որպես հայ մարդ ինքնաիրացման հասնել, Այստեղ ևս կարծում եմ, որ մենք հեռու ենք այս իրավիճակից, մենք չունենք ազգային հպարտություն, իսկ ազգային հպարտություն չունեցող ազգը կապված չի լինի հայրենիքին, իսկ մենք ականատես ենք արտագաղթին: Եվ հայ քաղաքացին չունի ազատություն, որովհետև նրան տրված չէ արժանապատիվ ապրելու իրավունք: Մենք խեղված վիճակում ենք»:
Խոսելով բանակում տեղի ունեցող սպանությունների մասին` նա նշեց, որ սա խեղված հասարակության արդյունք է. «Այս ամենից հետո ասել, որ ունենք անկախ պետություն, սխալ կլինի»: Մենք սկզբում ունեցել ենք ձեռքբերումներ, որը հաղթանակն է, որը հայերի համար ոգեղեն լիցք տվող իրականություն էր, Հայկական բանակն էր ձեռքբերումը, բայց մեծ չափով կորցրել ենք նրանց նշանակությունը: Հաղթանակը նսեմացվել է, թեկուզ այն պատճառով, որ հաջորդող իշխանությունները պատրաստակամ են եղել տարածքները զիջել, իսկ դա հայ մարդու մեջ կոտրել է ոգեղեն լիցքը: Այս քսան տարիների ընթացքում, վերջին հաշվով, մենք ունեցել ենք օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության անդամների օտարում իրարից և ժողովրդի օտարում հայրենիքից:











































