Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի օդանավակայանի մոտ Як-42 ինքնաթիռի կործանման վայրում շարունակվել են փրկարարական և որոնողական աշխատանքները: Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հայտնաբերվել են բոլոր զոհվածների մարմինները: Այս պահին հայտնի է, որ 43 զոհվածներից ճանաչվել է 16-ի դին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Յարոսլավլի օդանավակայանից թռիչք կատարելու պահին կործանվել էր Як-42 ինքնաթիռը, որում եղել են այդ քաղաքի հոկեյի թիմի խաղացողները: Յարոսլավլի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության ամենահզոր թիմերից մեկն է, այնտեղ խաղում էին թե՛ Ռուսաստանի հավաքականի, թե՛ այլ եվրոպական թիմերի հայտնի խաղացողներ, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների հաղթողներ: Հայտնի է, որ կենդանի է մնացել հոկեյիստներից Ալեքսանդր Գալիմովը և բորտուղեկցող Ալեքսանդր Սիզովը:






































