Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ թեև Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհուրդն ընդունել է հիջաբի (իսլամական ավանդական գլխաշոր) արգելքի վերացման մասին որոշում, մի շարք համալսարաններ լի են վճռականությամբ՝ պահպանելու այդ արգելքը։
Հիջաբի արգելքի վերացումն այժմ գործում է ողջ Թուրքիայում, սակայն դա չի վերաբերում Օրթադողուի տեխնիկական համալսարանին և Անկարայի համալսարանին։ Անկարայի համալսարանը շատ հետաքրքիր որոշում է ընդունել։ Համալսարանի ղեկավարությունն ուսանողների գրանցման ժամանակ պահանջել է առանց գլխաշորի լուսանկարներ։ Խոսքը կենսաչափական լուսանկարների մասին է, որոնցում մարդու գլուխը չպետք է ծածկված լինի։ Նույն մեթոդը կիրառել է նաև Օրթադողուի տեխնիկական համալսարանը։
Սակայն Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհուրդը հայտարարել է, որ այն ռեկտորները, ովքեր կշարունակեն պահպանել հիջաբի արգելքը, կստանան խիստ պատիժներ։ Նախ նրանք կստանան նախազգուշացումներ, ապա նաև կպատժվեն «Պետծառայողների մասին» օրենքով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բուհերում հիջաբի արգելքի վերացման հարցի շուրջ առաջին անգամ պաշտոնապես խոսել է 2007 թվականի սեպտեմբերին` դա դիտարկելով որպես հասարակության ժողովրդավարացմանն ուղղված քայլ։
Թուրքիայի ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը, սակայն, վերացվեց միայն վերջերս, ինչը պատճառաբանվեց «քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պահպանելու անհրաժեշտությամբ», քանի որ թուրք կանանց 2/3-ը հիջաբ է կրում։ Շատ թուրք կանայք բարձրագույն կրթություն չեն ստանում համալսարաններում գործող հիջաբի արգելքի պատճառով։
Ի դեպ, Թուրքիայի ներկայիս առաջին տիկին Հայրյունիսա Գյուլը 2002 թվականին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ նրան գլխաշոր կրելու պատճառով չէին ընդունել Անկարայի համալսարան։ Բայց երբ նույն թվականին նրա ամուսին Աբդուլլահ Գյուլը դարձավ Թուրքիայի արտգործնախարար, Հայրյունիսան հետ վերցրեց իր հայցը։










































