Հայաստանի և Սփյուռքի միջև միշտ էլ եղել են խնդիրներ, միշտ էլ դժգոհողներ և լավատեսորեն տրամադրվածներ եղել են. ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարին, ես էլ հիմնադրամի խորհրդի մեջ եմ, որևէ խախտում չի եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:
«Դա Սփյուռքի սխալն է, որ փողերը չի ուղարկում: Մի մասն ուղարկել է, մյուս մասը պահել են, հաշվետվություն են ուզում: Բայց մեր կառավարությունը այդ հավաքված գումարից շատ ավելի մեծ գումարներ է ծախսել: Այնպես որ, իրենք իրավունք չունեն այդ գումարն իրենց մոտ պահելու, չուղարկելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Քյոլնում Զարեհ Սինանյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Ջեմբերջյանն ասաց. «Պարոն Սինանյանի իրավունքն է շրջել աշխարհով մեկ, իրեն ընդունողներ էլ կարող են լինել, չընդունողներ էլ: Սա միշտ եղել է»: Նա հիշեցրեց, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ էլ Սերժ Սարգսյանին չէին ընդունել Լիբանանում, Փարիզում և այլն:









































