Լոռու և Շիրակի մարզերում գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, կայուն գյուղատնտեսությանը աջակցելու և ոռոգվող հողատարածքները ավելացնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրեցին դրամաշնորհային ծրագրի պայմանագիր:
Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 1 մլն դոլար:
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը: Նախատեսվող քայլերը կնպաստեն փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման, էներգիայի խնայողության համար և ունի գյուղատնտեսական նշանակություն:
«Այս տարի, ցավոք, շատ ենք խոսում ջրային ոլորտում առկա խնդիրների, մեր ջրամբարներում և գետերում առկա ջրի պաշարների մասին: Այդ ամենը գալիս է խոսելու այն մասին, որ պետք է նմանատիպ ծրագրեր իրականացնենք»,- ասաց Սանոսյանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդգծեց՝ նման ծրագրերը շատ կարճ ժամանակում շատ կոնկրետ խնդիրներ են լուծում:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել ծրագրի շնորհանդեսին: Նրա համոզմամբ՝ ծրագիրը կնպաստի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը՝ կրճատելով գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, ինչպես նաև բարձրացնելով գյուղատնտեսության արտադրողականությունը:
«Ճապոնիայի կառավարությունն այն յուրահատուկ դոնորներից է, որոնք մեծ ուշադրություն են դարձնում և աջակցում Ազգային ներդրումային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագիտական և տեխնիկական կարողությունների զարգացմանը: Այս ծրագիրը յուրահատուկ է նաև նրանով, որ միտված է ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաների ներդրմանը, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ու նոր մշակույթի ձևավորմանը ոռոգման համակարգերի կառավարման գործընթացում: Այն կարող է լուրջ խթան հանդիսանալ ստացված նորարարական մոդելի հետագա տարածման և իրականացման համար այլ մարզերում՝ արդյունքում ստանալով ոռոգման համակարգի ամբողջական արդիականացում ու վերազինում»,- նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Ծրագրի շահառուներն են ՀՀ ՏԿԵՆ Ջրային պետական կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30,000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ յոթ տոկոսը։
Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող «Բենիամին» պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։ Թիրախային խմբերը կունենան նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (Geographic Information System) վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի ինստիտուցիոնալ կարողությունները:









































