Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով կիրակի օրը մեկնում է Մոսկվա: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպումներ կունենա ինչպես նախագահ Դմիտրի Մեդվեդևի, այնպես էլ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես գրում է բրիտանական Times-ը, բանակցությունների ժամանակ քննարկվելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում` ՌԴ անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հետ կապված` երկու երկրների միջև հակասությունները: Լոնդոնը Մոսկվայից պահանջում է էքստրադիցիայի ենթարկել Անդրեյ Լուգովոյին, ով մեղադրվում է ՌԴ անվտանգության նախկին ծառայողին Մեծ Բրիտանիայի տարածքում թունավորելու մեջ:
Պաշտոնապես բանակցությունների հիմնական նպատակը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն է: Վերլուծաբանների կարծիքով` այս այցը կարող է նպաստել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների բարելավմանը: