«Ես վստահ եմ՝ ինչ մրցույթ էլ լինի, «Աննա» սերիալն առաջին տեղը կզբաղեցնի: Երիտասարդական այդ նախագիծը բավականին հետաքրքիր գործեր է անում, սակայն կարծում եմ, որ բավականին ճանաչում գտան հենց «Աննա» սերիալի անունը շոշափելով, այնպես որ այդ մրցանակաբաշխությունը ես կհամարեմ հումանիտար օգնություն՝ «Աննա» սերիալի կողմից այդ նախագծին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Չենք լռելու» նախաձեռնության «Աղբ եթերից» մրցանակաբաշխությունում «Աննա» սերիալի առաջին տեղ զբաղեցնելուն, նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը;
Հարությունյանը նաև խոսեց Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի փոփոխությունների մասին: Նա նշեց, որ Հանրային ռադիոն կպահպանի իր դասական ուղղությունը, իհարկե՝ համալրվելով նոր հաղորդումներով;
Հանրային հեռուստաընկերության գործունեությանն անդրադառնալով՝ Հարությունյանը նշեց, որ այս տարի դեկտեմբերի 3-ին կայանալու է մանկական «Եվրատեսիլը», որի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հիմա, հաջորդ տարի էլ Բաքվում կայանալու է «Եվրատեսիլը», որին ևս պետք է պատրաստվել և կողմնորոշվել մասնակցության հարցում:
Հարությունյանը տեղեկացրեց, որ նոր եթերաշրջանում էլ «Հայլուրը» կփորձի պահպանել անվիճելի առաջատարի իր դիրքերը և սեպտեմբերի 21-ից նոր տաղավարով, տեխնիկական նոր միջոցներով հանդես կգա;
Նրա խոսքերով՝ «Հայլուրը» կվարեն երկու հաղորդավար` Արտակ Հերիքյանը և Նվեր Մնացականյանը, վերջինս նաև հարցազրույցի առանձին ժամ կունենա: Հարությունյանը նշեց, որ արտասահմանյան և մարզային թղթակցություններն են բարելավելու։
Նոր եթերաշրջանում սպասվող նոր նախագծերի մասին խոսելով՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից հայ-վրացական «երկու աստղը» կլինի եթերում, ինչպես նաև բանակցություններ են գնում միջազգային ֆորմատի երկու հաղորդումների հետ, որոնք ամանօրյա տոներից հետո կլինեն եթերում: Սոցիալական բնույթի հաղորդում է նախատեսվում, կշարունակեն վավերագրական ֆիլմերի արտադրությունը, սեպտեմբերի 21-ին կցուցադրվի «Գարեգին Նժդեհ» վավերագրական ֆիլմը:
«Կշարունակեն գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը: Թեև այս տարի մենք մի փոքր թերացել ենք այդ գործում, սակայն խոստանում ենք, որ գալիք տարի մեկ-երկու ֆիլմ կներկայացնենք հեռուստադիտողի դատին», ասաց Ալեքսան Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս տարի կավարտվեն «Քաղցր կյանք» և «Աննա» հեռուստասերիալները, իսկ «Հրեշտակների դպրոցը» կշարունակվի նաև գալիք տարի:







































