ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ Ադրբեջանը փափուկ դիվերսիա է իրականացնում, ստուգում է մեր զգոնությունը. «Բնակչության իրազեկվածության և համապատասխան գործողության ալգորիթմի խնդիր ունենք: Պետության ֆունկցիան է` սահմանամերձ բնակչությունը պետք է իմանա նման իրավիճակներում ինչպես իրեն դրսևորի»:
Հովհաննիսյանն իր վրդովմունքն արտահայտեց, թե համապարփակ անվտանգային համակարգից առավոտից իրիկուն խոսում են, բայց սինխրոն աշխատելու խնդիր կա. «Հնարավոր չէ 30 տարի ունենալ պետություն, որտեղ համակարգերը չեն աշխատել ու միանգամից սարքել հնարավոր չէ: Համակարգեր սարքելու քայլեր եմ տեսնում, բայց համակարգի օղակներում շարունակում են լինել կադրեր, որոնք միտումնավոր բոյկոտում են»:
Հովհաննիսյանը կարծում է, որ 2014-ի իրադարձություններին մատների արանքով նայեցինք, եթե ժամանակին ճիշտ դիրքավորվեինք, 2020-ը ողբերգական չէր լինի. «Հաճախ չենք ընկալում, որ մեր տունը այրվել է: Սերնդափոխություն է պետք, 25-30 տարի մարդիկ են եղել, որոնք չեն հավատացել մեր անկախությանը: ՀՀ անկախությունը բացարձակ արժեք համարող սերունդը պետք է լինի որոշում կայացնողը»: