Լեհաստանը նախատեսում է ընդլայնել իր մասնակցությունը ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելությունում։ Այդ մասին ասվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպմանը Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ։
ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով.«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:
Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: Լեհ գործընկերները նաև նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ և հետևում են մեր երկրում կատարվող քայլերին:
Քաղաքական վերլուծաբան, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ցանկացած պետության կողմից առաքելության ընդլայնումը ենթադրում է Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացում.«Իսկ որ դա հենց Լեհաստանն է, ապա ըստ իս, կարևորն այն է, որ տարբեր երկրներ, որոնք ձգտում են Եվրամիությունում առաջատար դեր խաղալ նման նախաձեռնողականություն ու հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում։ Իմ կարծիքով՝ դրան պետք է կարևորություն տալ։ Դա ինչ-որ տեղ արտահայտում է նաև հավաքական Եվրամիության շահագրգռվածությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ մենք արդեն տեսել ենք շահագրգռվածություն Եվրամիության առաջատար երկու երկրների՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից.«Փաստորեն Լեհաստանը երրորդն է, որն իր առանձնահատուկ ուշադրությունն է դրսևորում մեր խնդիրների նկատմամբ»։
Մեր այն դիտարկմանը, թե ինչ նշանակություն ունի Լեհաստանի կողմից առաքելության ընդլայնումը՝ հատկապես Բաքվի դժգոհությունների ֆոնին։ Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի հետ, որի ընթացքում դժգոհել է Հայաստանի «ռազմաքաղաքական սադրանքներից». «Մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի կողմից վերջին շրջանում սադրանքների ակտիվացումը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության հետ՝ Բայրամովն ընդգծել է, որ անթույլատրելի է օգտագործել նշված առաքելությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնաս հասցնելու պատրվակ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի այս քննադատություններին, Նավասարդյանն ասաց.«Ամեն դեպքում Եվրամիության ցանկացած միջամտություն մեր հիմնախնդիրներում նշանակում է որոշ չափով բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը, որովհետև դա լրացուցիչ փաստարկ կամ կաշկանդող հանգամանք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար։Բնականաբար որքան Ադրբեջանի ձեռքերը կաշկանդված են լինում, այդքանով դժգոհություն է առաջանում։ Պետք չէ շատ չափազանցնել այդ հանգամանքը, որովհետև ամեն դեպքում Ադրբեջանը շարունակում է պահպանել շատ լուրջ բանակցային առավելություններ, բայց նաև պետք է գնահատել նույնիսկ այն փոքր քայլերը, որոնք նպաստում են մեր կողմից բանակցություններում ավելի վճռական ու հետևողական լինելուն։ Համապատասխանաբար Ադրբեջանը դրանից դժգոհում է և դա է պատճառը, թե ինչու են Ադրբեջանում անընդհատ խոսում այն մասին, որ միջազգային ներկայությունը Հայաստանի անվտանգային խնդիրներում՝ (խոսքը և՛ Եվրամիության և՛ Իրանի մասին է), ցանկալի չէ։ Մանավանդ որ Ադրբեջանն ու Ռուսաստանն ունեն ինչ-որ համաձայնեցված գործողությունների պլան, որի մասին մենք կարող ենք միայն կռահել և ցանկացած երրորդ կողմի ներկայություն կամ ընդգրկվածությունը ոչ միայն Բաքվի, այլ նաև քողարկված առումով Մոսկվայի դժգոհությունն է առաջացնում»։
Արդյոք հնարավոր կլինի համատեղել ՀԱՊԿ-ի ու Եվրամիության դիտորդներին, երբ Հայաստանը պարբերաբար հայտարարում է, որ դեմ չէ նաև ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մեր զրուցակիցն արձագանքեց.«Տեսականորեն հնարավոր է, բայց դա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Եվրամիությունը համակարգված ու ներդաշնակ գործեն։ Քանի որ դրա վերաբերյալ կան կասկածներ, ապա միաժամանակյա ներկայությունը ՀԱՊԿ ու Եվրամիության դիտորդների, կարող է սրել իրավիճակն ու այդ առումով պետք է զգուշավոր լինել։ Թեև տեսականորեն որքան շատ լինի միջազգային ներկայությունը՝ այնքան լավ, միայն թե տարբեր առաքելությունները նպատակները պետք է նույնը լինեն և դա արդեն միայն Հայաստանի իշխանությունների, Հայաստանի անվտանգային համակարգի աշխատանքի շնորհիվ կարող է կատարվել։ Համաձայնելով կամ հրավիրելով միջազգային դիտորդների՝ պետք է լիակատար վստահություն ունենալ նրանց գործողությունների վերաբերյալ»։
Ըստ Նավասարդյանի՝ եթե կա կասկած, որ մենք չենք կարող այդ վերահսկողությունն ապահովել, ավելի լավ է խուսափել նույն վայրում առճակատման ռեժիմում գտնվող տարբեր խաղացողների միաժամանակյա ներկայությունից։










































